17-րդ դարի հայ նկարչի կտավներից երկուսը 150 տարի անց վերադառնում են Վինձորի ամրոց. դրանք կցուցադրվեն թագավորական ճաշասենյակում
Վինձորի ամրոցի այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեսնելու 17-րդ դարի հայ նկարիչ Մարկոսի վրձնին պատկանող երկու նոր վերականգնված կտավը:
Ինչպես հայտնում է Asbarez News-ը, դիմանկարները 150 տարի անց առաջին անգամ տեղադրվել են Վինձորի ամրոցի թագավորական ճաշասենյակում: Ամրոցի տարածքում դրանք վերջին անգամ ցուցադրվել էին 1870-ականներն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնի չէ, թե երբ և ինչպես են կտավները վերադարձվել Անգլիա: Դրանք առաջին անգամ Վինձորի ամրոցում նկատվել են 1688 թվականին և ընդգրկված են եղել Ջեյմս Երկրորդի իրերի թվում: Հետագայում կտավները կախված են եղել Քենսինգթոնյան պալատում և Հեմփթոնի պալատում:
Արվեստի գործերում պատկերված են զինվորական ազնվականների մի խումբ և մի կին Իրանի Սպահան նահանգի Նոր Ջուղա հայկական շրջանից:
Նկարներում պատկերված անձինք կրում են պարսկական մետաքսից շքեղ գործվածքներով հագուստներ։ Նմանատիպ հագուստով Սպահանի հայերն առևտուր էին անում ամբողջ աշխարհում։ Երկու դիմանկարում կան նաև եվրոպական դրվագներ, ինչպիսիք են Վենետիկի գինու գավաթը, գերմանական ժամացույցը և հոլանդական ծաղիկները:
Tert.am