Ավստրալիայում հայտարարել են, որ իրենց նոր սուզանավերը գնահատում են որպես սպառնալիք Չինաստանին
Ավստրալիան չի անհանգստանում, որ Պեկինը կարող է AUKUS եռակողմ գործընկերության (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) շրջանակում Ավստրալիայի կողմից նոր ատոմային սուզանավեր ունենալը ընկալել որպես սպառնալիք, եւ հենց դրա վրա էլ կատարել էր հաշվարկը Կանբերան։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը CBS ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրան հարցրել են՝ չի՞ անհանգստանում արդյոք, որ Պեկինը Ավստրալիային սուզանավերի ստեղծման տեխնոլոգիաների հանձնումը կարող է ընկալել որպես պատճառ, որ սպառնալիք զգա։ «Դե ինչ, ես կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի։ Իրականում հենց դրան էլ մենք ցանկանում էինք հասնել»,- պատասխանել է Մորիսոնը։
«Ավստրալիան լրիվ իրավունք ունի ընդունելու որոշումներ, որոնք կհամապատասխանեն մեր ինքնիշխան շահերին, որպեսզի ապահովենք մեր պաշտպանությունը եւ այնպես անենք, որպեսզի գոյություն ունենա գործուն հավասարակշռություն տարածաշրջանում»,- ավելացրել է նա։
Ընդ որում, նրա խոսքով՝ նա «չի տեսնում պատճառներ», որպեսզի Չինաստանը ինչ-որ պատասխան քայլեր ձեռնարկի Ավստրալիայի դեմ։ Մորիսոնի հավաստիացմամբ՝ AUKUS գործընկերությունը բոլորովին ուղղված չէ Պեկինի դեմ։ «Ոչ, դա պոզիտիվ դաշինք է։ Դա պոզիտիվ գործընկերություն է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք եռակողմ համաձայնագիրը հակաչինական է։ «Խոսքն այն մասին չէ, որ ինչ-որ մեկի դեմ է, խոսքն այն մասին է, որպեսզի հանդես գաս հանուն ինչ-որ բանի։ Մենք այդպես ենք նայում դրան»,- ավելացրել է Ավստրալիայի վարչապետը։
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը սեպտեմբերի 15-ին հայտարարեցին նոր գործընկերության ստեղծման մասին անվտանգության ոլորտում (AUKUS)։ Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան, մասնավորապես, նախատեսում է կառուցել առնվազն ութ ատոմային սուզանավ ամերիկյան տեխնոլոգիայով, ինչպես նաեւ վերազինել իր զինված ուժերը ԱՄՆ արտադրության թեւավոր հրթիռներով։ Կանբերան խզեց իր պատմության մեջ ամենախոշոր պաշտպանական պայմանագիրը Փարիզի հետ (ավելի քան 50 մլրդ եվրո արժողությամբ սուզանավերի մատակարարման մասին)՝ հայտարարելով, որ այն այլեւս չի համապատասխանում իր ազգային շահերին։ Ավելի ուշ Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը հայտարարեց ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության զգալի ընդլայնման մասին։
News.am