Տնտեսական ակտիվության աճի տեմպերը թուլացել են. 2.3% աճ՝ օգոստոսին
2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 2.3%-ով: Օպերատիվ ցուցանիշները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ):
Այս տարվա մարտից տնտեսությունը, մեկ տարվա անկումից հետո, սկսեց աճի միտումներ գրանցել: Դա գլխավորապես համեմատության բազայով է պայմանավորված, քանի որ նախորդ տարվա մարտից տարածված կորոնավիրուսի հետևանքով տնտեսությունը զգալի կորուստներ է կրել: Հետևաբար, երբ այս տարին համեմատում ենք նախորդ տարվա հետ, պետք է հաշվի առնել, որ համեմատության բազան է թույլ և բնական է, որ աճ է ստացվելու: Աճը «գագաթնակետին» հասավ ապրիլին, քանի որ նախորդ տարվա ապրիլը ամենաանկումայինն էր. կրկին բազային էֆեկտն է աշխատել: Հետագայում աճի տեմպերը թուլացել են: Օգոստոսին գրանցված տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն ամենացածր է տարվա ութ ամիսների ընթացքում:
Մի քանի ամսվա աճից հետո բացասական միտումներ են գրանցվել արդյունաբերության ոլորտում: Այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 5.2%-ով:
Տնտեսության մյուս ոլորտներում աճ է գրանցվել․
- շինարարության ծավալներն աճել են 2.3%-ով,
- առևտրի շրջանառությունը՝ 5%-ով,
- տեսանելի աճ գրանցվել ծառայությունների ոլորտում՝ 10.8%:
Իսկ գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ:
Ներմուծումը կրճատվել է 7.3%-ով
Օգոստոսին որոշակի անկում կա Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ոլորտում, որը պայմանավորված է ներմուծման կրճատմամբ:
Մասնավորապես, ներմուծումը կազմել է մոտ 427 մլն դոլար՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազելով 7.3%-ով:
Իսկ արտահանումը շարունակում է ավելանալ: Օգոստոսին Հայաստանից արտահանվել է 270 մլն դոլարի ապրանք՝ աճելով 13.9%-ով:
Ութ ամիսների կտրվածքով ՏԱՑ-ն աճել է 4.9%-ով
2021 թվականի հունվար-օգոստոսին, 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.9%-ով:
Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ 2021 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5.4%-ով:
Աճի կանխատեսման հարցում ամենալավատեսը շարունակում է մնալ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով այս տարվա համար երկնիշ տնտեսական աճ է կանխատեսում։
Իսկ կառավարության առաջիկա հինգ տարվա ծրագրով՝ տարեկան կանխատեսվում է առնվազն 7% տնտեսական աճ։
Hetq.am