«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է խորհրդարանական ընտրություններին Դեմոկրատակական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը:

Պարոն Արզաքանցյան, օրերս հայտարարել էիք, որ դուրս եք գալիս ՀԴԿ-ի շարքերից: Դուրս գալուց հետո շարունակելո՞ւ եք մասնակցել արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի հանդիպումներին:

Այո, ես ասել եմ, որ դուրս եմ գալիս ՀԴԿ-ից, այդտեղ տարբեր պատճառներ, խնդիրներ, տարբեր հայացքներ կան: Դրա համար որոշեցինք այդ քայլին դիմել: Ինչ վերաբերում է արտախորհրդարանական հանդիպումներին մասնակցել-չմասնակցելուն, ես այդտեղ տեսել եմ արդյունավետ բանակցություններ, որովհետև իմ ասած 5 հարցերից երկուսն արդեն քննարկվում է: Ամեն հանդիպմանը 5 հարց է քննարկվում, և ես շատ լավ զգացի, որ իմ հարցերից երկուսը առաջնային քննարկվեց: Մի քանի լուրջ հարցեր էլ կան, որ մենք չմտանք խորհրդարան, մանդատ չստացանք, ես իմ երկրի մասինմտածում եմ, մեր երկրի անվտանգության մասին մտածում եմ, և կուզենամ համագործակցել, քննարկել, արդյունավետ աշխատանքներ կատարելու համար: Ես այդ հնարավորությունը տեսնում եմ հիմա: Մենք խումբ կազմեցինք, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի  հետ համագործակցենք, տեսնենք ինչ է կատարվել, մեղավորները պատժվեն:

Այսինքն դուք նկատում եք, որ վարչապետի մոտ ձեր խոսքը լսելի է դառնո՞ւմ:

Այո, հենց դա եմ ասում. Իմ բարձրացրած կարևոր հարցերը սեղանի վրա չեն մնացել:

Իսկ որ հարցեր եք բարձրացրել, որ լսելի են եղել:

Մենք ունենք գաղտնիության պայմանավորվածություն, և ճիշտ չի լինի, եթե ես հիմա բացեմ փակագծերը: Ես միայն կարող եմ ասել, որ իմ 5 հարցերից 2-ը դրվել է քննարկման: Մի հարցը արդեն դրվել է շրջանառության մեջ, մտել է խորհրդարան: Խոսքը 44-օրյա պատերազմի հանձնաժողով ստեղծելու մասին է, որտեղ մենք էլ մեր կողմից նշանակեցինք անդամներ, մարդիկ, որոնք ունեն փորձ և կմասնակցեն այդ հանձնաժողովի աշխատանքներին: Մենք որոշեցինք, որ 10 հոգուց երեքը կլինի անդամ:

Դուք որոշել եք ձեր հետագա գործունեությունն այսուհետ ծավալել Հայաստանո՞ւմ, նաև մասնակցել քաղաքական պայքարին: Հնարավո՞ր է, որ ձեր թիմով մասնակցեք առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

Այո, հնարավոր է: Քննարկվում է այդ հարցը: Շուտով պարզ կլինի, թե մեր խումբը որ կուսակցության հետ է համագործակցելու: Հոկտեմբերի 3-ին բոլորին դա պարզ կլինի:

Հայտնի՞ կուսակցություն է, որի հետ բանակցում եք:

Այո, ճանաչված կուսակցություն է:

Պարոն Արզաքանցյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նոր խորհրդարանի աշխատանքը, ձեզ որքանո՞վ են բավարարում այնտեղ տեղի ունեցող բանավեճերը, քննարկումները:

Ինձ բոլորովին դա դուր չի գալիս: Այսօր ի՞նչ ստացավ մեր ժողովուրդը. Նախկին իշխանությաւն անձինք նորից մտան խորհրդարան,  գործող իշխանությունը նույնպես մտավ խորհրդարան, և իրենք ամեն օր վիճաբանության մեջ են, չեն մտածում, որ  ժողովուրդն իրենց ձայն է տվել, որ ԱԺ-ում աշխատեն, չարչարվեն մեր երկրի բարելավման համար, անվտանգության համար, տնտեսությունը զարգացնելու համար: Իսկ իրենք ամեն օր անձնական վեճեր, կուսակցական վեճեր են անցկացնում՝ մոռանալով, որ երկիրը սպասում է արդյունավետ աշխատանքի: Այդպես չի կարելի: Բացի, այդ, իրենք մեր երկրի ռեյտինգի հետ էլ են խաղում: Տարբեր երկրներ իրենց կարծիքը փոխում են, երբ տեսնում են, որ հայերի պես հին, ունակ ազգը չի կարողանում կիրթ աշխատանքներ կատարել ԱԺ-ում՝ ամենակարևոր օրգանում: Կապ չունի՝ ես ԱԺ-ում եմ, թե ոչ, ես ուզում եմ արդյունավետ աշխատանքներ: Հիասթափվելն էն խոսքը չի: Մանավանդ պատերազմից հետո, որը դեռ չի վերջացել, թշնամին մեր սահմաններից ներս է, լկտի ձևով իրենց պահում են ու պատասխան չեն ստանում, դրա համար էլ գտնվում ենք այս վիճակում: Փոխոնակ որոշումներ կայացնեն՝ ինչ անեն, որ ժողովրդին այս վիճակից հանեն, անվտանգ երկիր կառուցեն, զբաղված են անձնական վիճաբանություններով:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն