«Ժողովուրդ». Մարզային բուժհաստատություններում պատվաստում են միայն «Աստրա Զենեկա»-ով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում է, որ ՀՀ մարզերի բուժհաստատություններում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը, իրականությունը միանգամայն այլ է: Այո, դա ճիշտ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ մարզերի բնակիչներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենք ցանկանում են պատվաստվել չինական կամ «Սպուտնիկ V» պատվաստանյութերով, սակայն իրենց տարածքային պոլիկլինիկաներում դրանք չկան, «Աստրա Զենեկա» են հիմնականում առաջարկում: Այսինքն՝ մարզային բուժհաստատությունները ոչ բոլոր պատվաստանյութերով են հագեցած:
Մեզ են դիմել նաեւ Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերի բնակիչները, որոնց խոսքերով՝ իրենց տարածքային ամբուլատորիաներում առկա է միայն «Աստրա Զենեկա» պատվաստանյութը, որի նկատմամբ բնակչությունը վստահություն չունի: Թե երբ բուժհաստատությունները կստանան մյուս պատվաստանյութերը, հայտնի չէ:
Օրինակ՝ Լոռու մարզի Արեւաշողի առողջության պահպանման կենտրոնի աշխատողը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ բնակիչները հիմնականում պահանջում են իրենց պատվաստել չինական պատվաստանյութով, որը չկա, վերջացել է. «Որոշների մոտ արդեն ժամանակն է երկրորդ դեղաչափը ստանալու, բայց չունենք ու չգիտենք, թե երբ ենք ստանալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում