«Հայաստան» դաշինքը որոշել է դիմել ՍԴ՝ վիճարելով առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատողները կամ պետք է պատվաստվեն, կամ 14 օրը ՊՇՌ մեկ թեստ հանձնեն:

Այս առնչությամբ փաստաբան Գևորգ Գյոզալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես ոչ թե ուզում եմ կենտրոնանալ, թե «Հայաստան» դաշինքն ինչ է արել, այլ առհասարակ պատվաստումների հետ կապված խնդրին: Ես կարծում եմ, որ կգա ինչ-որ պահ, որ դատական կարգով կլինի դատական ակտ, որը մանրամասն վերլուծության կենթարկի հանրային առողջության և մասնավոր անձի անձեռնմխելիության սահմանը տվյալ լույսի ներքո: Բայց մինչ այդ ես ասեմ, որ Եվրոպական  դատարանը 2021 թվականի ապրիլի 8-ին կայացրել է վճիռ Չեխիայի դեմ, որտեղ առհասարակ վակցինացիաների հետ կապված հարցը դիտարկելով կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո, գտել է, որ իրավաչափ է, երբ պետությունները հանրային առողջության շահից ելնելով կարող են սահմանափակել մասնավորի իրավունքը: Եթե  սա համադրենք այսօրվա մեր զարգացումների հետ, ապա հարց է առաջանում, եթե չկա այդ գիտակցված որոշումը, ո պետք է պատվաստվել, ապա պետությունը  ինչպե՞ս է իր պոզիտիվ պարտականությունը կատարելու՝ ընդհանուրի առողջության իրավունքը պաշտպանելու առումով»,-ասաց նա:

Գևորգ Գյոզալյանը նկատեց, որ մահերի բարձր թվերի ֆոնին, մի կողմից մենք պետությանը մեղադրում ենք անգործության մեջ, մյուս կողմից նրա ձեռքերը կապում ենք և թույլ չենք տալիս, որ որևէ գործողություն կատարել. «Փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պատվաստումների բարձր տոկոս կա, այդտեղ գրեթե մահեր չկան, կամ եթե կան, բավականին քիչ են: Այն երկրները, որոնք մեզ նման չեն պատվաստվել բավարար չափով, և դեռևս գտնվում են միջնադարում, այդ երկրներում մահերի թիվը բավականին մեծ է: Մենք այդ առումով վատ իմաստով առաջատարներից մեկն ենք՝ առաջ անցնելով թե Վրաստանից, թե Ադրբեջանից:

Հիմա այդ առումով մեր ցանկությունն է ռազմավարական դատավարություն սկսել, որպեսզի դատական կարգով այդ հարցը փակվի, որովհետև այստեղ մենք ունենք պետության պոզիտիվ պարտականություն՝ ապահովելու յուրաքանչյուրի առողջության իրավունքը, մյուս կողմից ունենք մասնավոր ոլորտ ներխուժելու պարտականությունը: Եվ այս երկուսի միջև հավասարակշռությունը պետք է դատական ակտով փակվի: ՄԻԵԴ-ը իր խոսքն ասել է, և կարծում եմ՝ մեր դատարաններն էլ սրա գնահատականը պետք է տան: Եթե դա կլինի ՍԴ-ն, ապա շատ ավելի լավ: Այստեղ կարելի է ուրախանալ, որ «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ, որովհետև սա լավ հնարավորություն է, որ որևէ ձևով ՍԴ-ն այս հարցը վերջնականապես փակի»:

Հարցին՝ եթե մեր ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ հրամանը, դրան ի՞նչ է հաջորդելու. Իշխանությունը ստիպված է լինելու վերացնե՞լ այդ մասնագիտությունը, փասաբանը պատասխանեց. «Խնդիրը ոչ այնքան հակասահմանադրական ճանաչելն է, այլ այն, թե իր մեկնաբանությամբ ինչ կասի ՍԴ-ն: Հիմա եթե, օրինակ, այդ որոշումը ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, բայց իր ամբողջ պատճառաբանական մասում խոսեց հանրային առողջության, մասնավոր կյանքի իրավունքի հարգման այդ հավասարակշռության մասին և  շեշտադրում արվեց, որ հանրային առողջության նպատակներից ելնելով կարելի է մասնավորի իրավունքը սահմանափակել, որը կլինի իրավաչափ համաչափ և օրինաչափ, ապա ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Այդ դեպքում դա ԱԺ-ին հնարավորություն կտա օրենք ընդունել և արդեն օրենքով այդ սահմանափակումներն իրականացնել: Իսկ եթե ՍԴ-ն ասաց, որ սա հակասահմանադրական է և որևէ մեկին պետք չէ իր կամքին հակառակ  պատվաստել,  ապա ես կարծում եմ, որ կոլապս կլինի, որովհետև ամբողջ աշխարհն ընդունում է, որ այդ հիվանդության դեմ դրանով պետք է պայքարել: Եթե այդ պայքարի  գործիքը վերցնում ենք մեր իշխանությունների ձեռքից, ապա որևէ մեկը  բարոյական իրավունք չի ունենալու մեզնից պահանջել, թե ինչու են այսքան մահեր լինում: Դրանից հետո որևէ մեկը բարոյական իրավունք չպետք է ունենա այս իշխանություններին մեղադրելու, որովհետև սա անգամ իշխանության խնդիր չէ, Հասարակությունը պետք է այնքան հասուն լինի, որ սա հասկանա, որ եթե իրենցից կախված է ինչ-որ մի փոքր բան, անգամ եթե աշխարհը չի ապացուցել պատվաստման արդյունավետությունը, բայց եթե կա 0,1 տոկոս, որ պատվաստումով հնարավոր է փրկել կյանքեր, ապա պետք է գնալ և դիմել նրան: Եթե սա չենք հասկանում, ուրեմն արժանի ենք սրան, որ ամեն րոպե մարդիկ մահանան, իսկ մենք խոսենք միջնադարյան փաստարկներից»:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն