Կկիրառվի վարչական տույժ, եթե աշխատակիցը ո՛չ պատվաստված է, ո՛չ էլ թեստավորված
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել իր հաշվին կատարված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստողսերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Օրեր առաջ գրել էինք, որ քաղաքապետարանը պոլիկլինիկաներից դպրոցների պատվաստումների տվյալներն է արդեն պահանջում։ Ավելին՝ պոլիկլինիկաներից դպրոցներին ասել են, որ իրենք պատրաստ են գալ եւ տեղում պատվաստել բոլորին, որոշ դպրոցներ, սակայն, հրաժարվել են՝ միաժամանակ հասկանալով, որ չեն կարող երկար խուսանավել։ Ինչպես տեղեկացանք, հանրակրթական դպրոցներում այս օրերին արդեն մեկնարկել են թեստավորումները։ Դպրոցների մեծ մասը կոլեկտիվ հայտեր են ներկայացրել տարբեր լաբորատորիաներ, որոնք ՊՇՌ թեստի համար որոշակի զեղչեր են արել՝ 8-11 հազար դրամ։ Ի դեպ, թե՛ պատվաստումից, թե՛ թեստավորումից հրաժարվող ուսուցիչներին ասվել է, որ տույժ ու տուգանք են կիրառելու, աշխատավարձից պահումներ են արվելու։ Ավելին՝ դպրոցները նախօրեին գրություն են ստացել, որ եթե աշխատակիցը չունի 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ էլ պատվաստումը փաստող թուղթ, վարչական տույժ եւ նկատողություն են կիրառվելու, երկրորդ նկատողությանը հետեւելու է արդեն աշխատանքից ազատումը։
Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի փոխտնօրեն Լենա Ավետիսյանն ասում է, որ 171 աշխատողից 59-ն իր կամքով գնացել պատվաստվել է․ «Ոչ ոք իրենց չի պարտադրել, մնացածը պատրաստվում են թեստ հանձնել, ու քանի որ մեծ կոլեկտիվ է, բնականաբար, առողջական խնդիրներ ունեցողներ էլ ունենք»։ Հետաքրքրվեցինք՝ մանկավարժների ֆինանսական վիճակը թույլ տալի՞ս է, որ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնեն, եւ այդպես ինչքա՞ն։ «Մենք, ամեն դեպքում, ոչ ոքի չենք պարտադրում, ինչպես իրենք հարմար կգտնեն, օրը կգա, կտեսնենք՝ կհանձնե՞ն, թե՞ ինչ կանեն»։ Իսկ վերադասի կողմից կա՞ն որոշակի ցուցումներ, օրինակ՝ ապահովել 90 կամ 100 տոկոս պատվաստման ցուցանիշ։ «Ոչ մի նման ցուցում մենք չենք ստացել, ուղղակի մարդիկ տեսնում են, որ հիվանդությունը շատացել է, իրենց կամքով գնացել պատվաստվել են։ Եթե մենք պարտադրեինք, հիմա ամբողջ դպրոցը պատվաստված կլիներ։ Նորից եմ ասում՝ որեւէ ցուցում չենք ստացել, կոնկրետ ես՝ ինքս էլ չեմ պատվաստվել, առողջական խնդիր ունեմ՝ դրա համար»։
Չե՞ն վախենում, որ վերադասը տույժ-տուգանքներ կկիրառի իրենց նկատմամբ, հատկապես որ որոշ դպրոցներում նման նախապայման է դրվել։ «Բոլորովին, ինչի՞ց վախենանք կամ ինչո՞ւ վախենանք, մարդիկ իրենց իրավունքներն են պաշտպանում, մենք ի՞նչ իրավունք ունենք իրենց պարտադրելու,- ասում է դպրոցի տնօրենն ու տարակուսում, թե պատվաստումը որքանով կկանխի կորոնավիրուսի տարածումը։- Ամեն դեպքում, ամեն մեկն ինչպես մտածում է, այնպես էլ որոշում է կայացնում, մենք չենք կարող պարտադրել ոչ մեկի, մեկն ասում է՝ պատվաստումն օգնում է, մյուսը՝ չի օգնում, այս պայմաններում մենք ո՞նց կարող ենք պարտադրել»։
Օրեր առաջ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արդեն մի քանի դպրոցի ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու։ Փոխտնօրենն ասում է՝ իրենց դպրոցում չկան նման մարդիկ․ «Բոլորովին, ինչպես մեր ուսուցիչները հարմար կգտնեն, այնպես էլ կանեն, մենք երբեւէ նման պահանջ կամ պարտադրանք չենք ներկայացրել, թե չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում կազատենք աշխատանքից։ Նման բան չկա»։
Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Ռուբենյանն էլ ասում է՝ հոկտեմբերի 1-ին ընդառաջ նորմալ իրավիճակ է դպրոցում, կան ե՛ւ պատվաստվածներ, ե՛ւ չպատվաստվածներ, նրանք, ովքեր չեն պատվաստվել, պատրաստվում են թեստավորվել ամիսը 2 անգամ․ «Տվյալ լաբորատորիայի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ ավելի մատչելի գներով, հրավիրել ենք դպրոց, եւ կգան, հենց դպրոցում կթեստավորեն, ոչ մի խնդիր չկա,- ասում է տնօրենն ու դժվարանում կոնկրետ թվերով ասել, թե քանի տոկոսն է պատվաստվել դպրոցում։- Մի քանի հոգի ունենք, որ երակների խնդիր ունեն, նրանք անալիզներ են հանձնում, որպեսզի պատվաստվեն, մնացածի դեպքում չունենք այնպիսի վիճակ, որ կատեգորիկ դեմ են պատվաստմանը։ Կարծում եմ՝ միայն ժամանակի խնդիր է, հիմա կթեստավորվեն, հետո մեծամասնությունը կպատվաստվի»։
Ի՞նչ է սպասվելու դպրոցներին ու մանկավարժներին հոկտեմբերի 1-ից հետո, երբ ոչ բոլորը հասցնեն պատվաստվել կամ թեստավորվել, լինելո՞ւ են արդյոք տույժ-տուգանքներ, դպրոցի տնօրենն ասում է, որ այս մասով վերադասի կողմից որեւէ կոնկրետ հրահանգ չեն ստացել, եւ շատ հարցերի հետ կապված տեղեկանում են լրատվամիջոցներից․ «Որեւէ ուսուցիչ չի ակնարկել, որ կազատվի աշխատանքից, բայց չի պատվաստվի»։ Այսինքն՝ հոկտեմբերի 1-ից ուսուցիչներն իրենց դպրոցում երկընտրանքի առաջ չե՞ն կանգնի՝ կա՛մ պատվաստվել, կա՛մ ազատվել աշխատանքից։ «29-ին, ովքեր պատվաստված չեն, թեստավորվելու են, այսինքն՝ կունենան 72 ժամվա թեստ»։
Hraparak.am