Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։
ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։
Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։
Hetq.am