Դատարաններով ու քրեական պատասխանատվությամբ են փորձում վախեցնել
Հատուկ քննչական ծառայության նախկին պետ, այժմ` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` «զրպարտչական տեղեկատվությունը» հերքելու և 2 մլն դրամ գումար բռնագանձելու պահանջով:
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերնագրով հոդվածը, որում պնդում է արված այն մասին, որ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով:
Այս հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտություն և ապատեղեկատվություն տարածելու մեջ` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքվելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան, և այժմ, փաստորեն, Խաչատրյանը հայցը ներկայացրել է դատարան` իր վերաբերյալ զրպարտչական տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով:
Մենք զրուցեցինք «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հետ՝ հարցնելով, թե հրապարակումից առաջ արդյոք փորձե՞լ են մեկնաբանություն ստանալ Սասուն Խաչատրյանից, գործե՞լ են բարեխիղճ լրագրության սկզբունքով:
«Միանշանակ, մեզ համար կարևոր նախապայման է, որ եթե կա տեղեկություն, ապա պետք է միանշանակ ամեն ինչ անել, գտնել անձին և մեկնաբանություն խնդրել, հստակ ասել, թե ինչ տեղեկություններ ունենք, և իր պաշտոնական մեկնաբանությունը տեղադրել։ Մենք մինչև Սասուն Խաչատրյանի կողմից հայցադիմումը դատարան մուտքագրելը դիմել ենք, ի դեպ, Ձեզ ասեմ, որ այդ օրը Սասուն Խաչատրյանը ներկա էր Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կառավարության շենքում կազմակերպված քննարկմանը, հենց այդ օրը ես դիմել եմ ՀՔԾ լրատվական ծառայությանը, որ պաշտոնական մեկնաբանություն տան մեր տեղեկությունների վերաբերյալ, իրենք մեկնաբանել են. «Եթե կարող եք հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որ Սասուն Խաչատրյանը, բացի իր հայտարարագրածից, որեւէ այլ վայրում, այդ թվում` Մոսկվայում, ունի այլ գույք, ապա նա պատրաստ է այն նվիրել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը»։
Մենք շարունակեցինք մեր մասնագիտական գործունեությունը, հրապարակեցինք շենքի հասցեն, լուսանկարը և այլն։ Այսինքն՝ մենք մինչև պաշտոնական մեկնաբանության ունենալը նյութը չենք հրապարակել, այստեղ օբյեկտիվ չլինելու մասին խոսք լինել չի կարող։ Հետո՝ հաջորդ օրը, իրենք կրկին հաղորդագրություն տարածեցին, թե «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է պնդել․․․, այսինքն՝ Դուք լրագրող եք և շատ լավ գիտեք, որ եթե կա հստակ տեղեկություն, դիմում ես կոնկրետ պաշտոնատար անձին` մեկնաբանության համար, լրատվական ծառայության կողմից ստանում ես ՀՔԾ արդեն նախկին պետի մեկնաբանությունը։ Մենք ասացինք, որ շարունակում ենք պնդել մեր հրապարակումը, որից մի քանի օր անց իրենք հայտարարություն տարածեցին, որ պատրաստվում են դիմել դատարան և այլն։ Ես Ձեզ անկեղծ պետք է խոստովանեմ, որ սա նման գործելաոճի առաջին դեպքը չէ, ես հիշում եմ՝ Մարտի 1-ի գործի ժամանակ ասում էին՝ դադարեցրեք հրապարակել Մարտի 1-ի գործի վերաբերյալ ցուցմունքները, այլապես ․․․, այսինքն՝ ՀՔԾ-ն իր նույն այդ գործելաոճի մեջ է, լրատվամիջոցի հետ «հաթաթաներով» չեն խոսում, Սասուն Խաչատրյանը` ինքը կարող էր պաշտոնապես մեկնաբանել այդ տեղեկությունը՝ փաստեր ներկայացնելով, որ այդ գույքն իրեն չի պատկանում»,- ասաց Մանուկյանը։
Մանուկյանին հարցրինք՝ թերթի հարցմանն ի պատասխան, ՀՔԾ-ն հերքե՞լ է, թե՞ առաջարկել է «Ժողովուրդ» թերթին հիմնավորել իր ունեցած տեղեկությունները:
«Ասում են՝ «եթե կա գույք, հիմնավորեք», սա է իրենց պատասխանը եղել, որից հետո ՀՔԾ լրատվական ծառայության ղեկավարի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվում։ Ակնհայտ է մի բան․ լրագրողն ունի տեղեկություն, այն հրապարակում է, և ՀՔԾ-ն շարունակում է սպառնալիքներով խոսել։ Այսինքն՝ եթե կա տեղեկություն, որին իրենք պատասխանել են՝ «եթե կարողանաք հիմնավորեք»-ով, լրատվամիջոցը հաջորդ օրը հրապարակում է փաստեր, որ այս շենքում է բնակարանը և այլն, նույնիսկ պատրաստ ենք առաջիկայում ասել, թե ումից է գնել, և այլ հավելյալ մանրամասներ ներկայացնել, այսքանից հետո իրենք հաջորդ օրը շարունակում են պնդել, որ պիտի հերքենք, երբ մենք պաշտոնապես դիմել ենք իրենց, իրենք էլ այդպես են պատասխանել, մենք էլի փաստեր ենք հրապարակում, իրենք ասում են՝ «էլի պարտավորվում եք հերքել», ի՞նչը հերքենք։ Մենք մեր մասնագիտական գործունեությունն արդեն օբյեկտիվ կերպով իրականացրել ենք։ Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՔԾ-ն «Ժողովուրդ» օրաթերթին սպառնում է, Մարտի 1-ի գործով էլ ասում էին՝ դադարեցրեք հրապարակումները, թե չէ քրեական պատասխանատվության կենթարկվեք, այսինքն՝ դատարաններով ու քրեական պատասխանատվությամբ են փորձում վախեցնել»,- պատասխանեց Մանուկյանը։
Hraparak.am