ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են առաջիկայում այցելել հայ-ադրբեջանական սահման. Լուկաշևիչ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կարող էին առաջիկայում պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի սահման հնարավոր այցելության մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Շատ կարևոր է, որ համանախագահներին այնուամենայնիվ հաջողվեր առաջիկայում այցելել տարածաշրջան և տեղում գնահատել իրավիճակը, տեղում խոսել կողմերի հետ: Դա շատ կարևոր է: Կարծում եմ, որ նման հնարավորություններ կարող են ընձեռվել առաջիկայում»,- ասել է Լուկաշևիչը:
«Բացի այդ, իհարկե, սուր է նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների հասանելության հարցը՝ բնակչությանն օգնություն ցույց տալու համար: Այստեղ ևս բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ կան, որոնք կողմերը տարբեր կերպ են ներկայացնում»,- հավելել է գործիչը: