Օնլայն վաճառքի դեպքում կգանձվի ԱԱՀ. ՊԵԿ նախագահ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ ժամանակակից աշխարհում բավականին տարածված է օնլայն հարթակի միջոցով կազմակերպվող առևտուրը, Հայաստանում բիզնեսից դեպի ֆիզիկական անձ մատուցվող ծառայությունները դուրս էին մնում հարկման դաշտից, և դա խնդիր էր առաջացրել։
«Դրանք տեղի էին ունենում օնլայն հարթակի միջոցով, այսինքն՝ ոչ ռեզիդենտների կողմից, որոնք Հայաստանում ներկայացված չէին որևէ ձևով, այդ թվում՝ մշտական հաստատության միջոցով։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ծրագրային ապահովման օգտագործման իրավունքի տրամադրման, տեղեկատվական հեռահաղորդակցման կապի, այդ թվում՝ ինտերնետի միջոցով օգտագործման, դրանց հեռահար ապահովմանը, էլեկտրոնային գրքերին, էլեկտրոնային հրապարակումներին, տեղեկատվական նյութերին, գրաֆիկական պատկերին, երաժշտական ստեղծագործություններին։ Օրինակ, եթե մենք օգտվում ենք «Netflix»-ից ֆիլմերի դիտման համար և դրա համար բաժանորդագրվում ենք մեր բանկային քարտի միջոցով, և ամեն ամիս կամ եռամսյակը մեկ մեզանից որոշակի գումար է գանձվում, կամ որպես ֆիզիկական անձ՝ Ֆեյսբուքում գովազդ ենք ապահովում, և գովազդային ծառայությունները մատուցվում են, բոլոր դեպքերում առաջանում է ԱԱՀ պարտավորություն, որը մինչև այժմ թերի կարգավորումների բացակայության պատճառով չէր հարկվում»,- պարզաբանեց Ռուստամ Բադասյանը։
Նա տեղեկացրեց, որ Հարկային օրենսգրքով սահմանվել են էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման եղանակները։
«Այսպիսով՝ տեղեկատվական կամ հեռահաղորդակցման ցանցի միջոցով ծառայությունների մատուցում, այդ թվում՝ համացանցի միջոցով, որի մատուցումն անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը, և հարկային մարմինն այն հրապարակում է իր ինտերնետային կայքում։ Այս ծառայությունների համար հաշվետու ժամանակը լինելու է եռամսյակը, ԱԱՀ-ի ընդհանուր հաշվարկը ներկայացվելու է եռամսյակին հաջորդող ամսվա մինչև ամիս 20-ը ներառյալ»,- շեշտեց ՊԵԿ նախագահը։
168.am