Մենք ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ իրականացնողների կարիքների մասին ամենօրյա, ամենժամյա ռեժիմով դիտարկումներ իրականացնում ենք եւ կապի մեջ ենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Այդ խնդրի լուծումը էականորեն կապված է նաեւ այլ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների հետ: Մասնավորապես, ճանապարհաշինարարական նախագծերի մասին է խոսքը: Մենք ունենք փաստացի ստեղծված իրավիճակ: Մեր գործառույթների շրջանակում ամեն ինչ անում ենք, որ բեռնափոխադրումները ՀՀ տարածքով Իրանի վարորդների կողմից իրականացվի հնարավորինս հարմարավետ եւ հաբվելյալ խնդիրներ չառաջանան նրանց համար: Վերջնական լուծումը ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ կառավարությունն աշխատում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ադրբեջանցիները իրանցի վարորդներին են կանգնեցնում եւ մաքսատուրք գանձում, կա՞ երաշխիք, որ հետագայում նույնը չեն անի նաեւ հայ վարորդների նկատմամբ, Բադասյանը պատասխանեց. «Ես հարցի կապակցությամբ բոլոր հնարավոր մեկնաբանություններն արեցի: Շատ ուշադիր պետք է լինենք մեր հարցադրումներին, պատասխաններին եւ հավելյալ լարում մեր տնտեսվարողների համար չառաջացնենք: Ունենք փաստացի ստեղծված իրավիճակ, դրա վերաբերյալ կառավարությունը միջոցներ ձեռնարկում է եւ եթե-ով հավելյալ խնդիրների մասին խոսելու եւ տնտեսվարողներին բացասական ազդակ հաղորդելու կարիքը չեմ տեսնում»:

Նշենք, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը վերահսկում են ադրբեջանցիները, որոնք մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից:


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն