Արդարադատության նախարարությունն առաջարկում է պարեկային ոստիկանության ծառայողներին զենք կրելու հնարավարություն տալ։ Կառավարության 2009թ․ նոյեմբերի 26-ի որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը արդադարատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Կառավարության 2009թ․ որոշմամբ՝ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող, նախատեսված ստուգարքն անցած ծառայողներին։ Այդ որոշման համաձայն՝ բացառություն են կազմում միայն ոստիկանության զորքերի զինծառայողները։

Առաջարկվող կարգավորմամբ՝ նախատեսվում է բացառություն սահմանել նաև պարեկային ծառայողների համար, այսինքն՝ նրանց զենք պահելու և կրելու իրավունք վերապահել՝ առանց ստուգարքի, քանի որ ըստ նախագծի հիմնավորման՝ պարեկային ծառայողները ծառայության անցնելուց առաջ արդեն իսկ անցել են համապատասխան կրակային պատրաստության դասընթացներ և հանձնել են քննություններ։ Մասնավորապես, անցկացվել են 40 ժամ կրակային պատրաստության դասեր, որոնց ընթացքում տրամադրվել է 40 փամփուշտ։ Պարեկային ծառայության նոր աշխատակիցների ուսուցման նոր փուլի համար նախատեսվում է 44 ժամ և 45 փամփուշտ:

«Ներկայումս պարեկային ծառայողները իրականացնում են իրենց գործառույթները առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, իսկ վերջիններիս համար ստուգարք կազմակերպելը նպատակահարմար չէ, քանի որ վերջիններս արդեն իսկ անցել են համապատասխան կրակային պատրաստականություն: Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Պարեկային ծառայության գործառույթների առավել արդյունավետ իրականացումը»,- ընդգծում է արդարադատության նախարարությունը։

Որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում, քանի որ ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ ձեռք է բերել նոր տեսակի ատրճանակների բավարար խմբաքանակ: 2021 թվականի օգոստոսի սկզբից զենքերի ամբողջ խմբաքանակը մատակարարվել է ոստիկանությանը:

Հավելենք, որ որոշման նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո:


Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն