«Փաստ»․ Հարկավոր է ուժ գտնել հնարավոր նոր կապիտուլյացիոն աղետին դիմագրավելու համար
«Հայաստանն անկախությունից ի վեր այսպիսի ծանր վիճակում երբեք չի եղել։ Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ մեր երկրի շահերի հետ աշխարհում գրեթե ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել։
Խայտառակ պարտությունից հետո Հայաստանը ոչ միայն հեղինակազրկվել է, այլև կորցրել իր դիմադրողականությունը։
Հենց դրա արդյունքում է, որ Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ոչ միայն հրաժարվում է վերադարձնել գերիներին, այլև արդեն տևական ժամանակ զորքեր է տեղակայել մեր ինքնիշխան տարածքում, արդեն ամրաշինական աշխատանքներ է իրականացնում և նախապատրաստվում է նոր սադրանքների դիմել։ Սրան էլ զուգահեռ Ալիևը պարբերաբար հայտարարում է, թե Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է ուժի միջոցով։
Եվ այս իրադարձությունների ֆոնին, երբ Ադրբեջանը բացահայտ կերպով ոտնահարում է միջազգային նորմերը, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շտապեր Նյու Յորքում հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։ Մանավանդ որ այդ հանդիպումից հետո էլ հակառակորդը հաղորդագրություն է տարածում, թե Բայրամովը «հակառակ կողմին է փոխանցել հետհակամարտային իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը»: Այսինքն՝ իրականում ոչ մի բանակցություն էլ տեղի չի ունեցել։ Չէ՞ որ Փաշինյանն էր հրապարակային հայտարարել, թե ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, որից հետո միայն կարող են սկսվել բանակցությունները։ Եվ ստացվում է, որ մեր իշխանությունները մի կողմից՝ փորձում են որոշակի պայմաններ դնել հակառակորդի առաջ, բայց մյուս կողմից՝ իրենք էլ շտապում են խախտել այդ պայմանները։
Եվ փոխանակ իրեն Հայաստանի ղեկավար համարող անձը ձեռնամուխ լիներ երկրի տարածքային անձեռնմխելիության վերականգնմանը, դրական ուղերձներ է ուղարկում Թուրքիային ու Վրաստանի վարչապետի միջնորդությամբ հանդիպում է մուրում Էրդողանից։ Սակայն հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Փաշինյանի թախանձանքներին ի պատասխան՝ պաշտոնական Անկարայի արձագանքն այն մասին է, թե դրա համար գործնական քայլեր են պետք, և առաջին հերթին Երևանը պետք է անվերապահորեն ընդունի ու կատարի իրենց կողմից առաջ քաշված պայմանները։
Իսկ թուրք-ադրբեջանական պահանջները հայտնի են՝ Արցախից հրաժարում, Թուրքիայի հետ առկա սահմանի ճանաչում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարում, «Զանգեզուրի միջանցի» բացում և այլն։ Եվ չնայած Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ներկայումս հայտարարում է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման պլաններ չկան, բայց նկատի ունենանք, որ երբ հայկական կողմը հակվի թուրքական նախապայմաններն ընդունելուն, այդ հանդիպումը շատ արագ՝ ընդամենն օրերի ընթացքում կարող է տեղի ունենալ։ Նույն կերպ էլ կարող է տեղի ունենալ Փաշինյան-Էրդողան հանդիպումը։
Մի խոսքով, ինչպես տեսնում ենք, հայկական կողմը թուրք-ադրբեջանական նախապայմաններին հակադարձելու որևէ քայլ չի ձեռնարկում։ Փաշինյանի համար ամենահրատապ խնդիրը կասկածելի խաղաղություն հաստատելու ոչ պակաս կասկածելի օրակարգն է՝ անկախ նրանից, թե այն ինչ գին կունենա հայ ժողովրդի համար։ Ուստի իրավիճակն այնպես է դասավորվում, որ Հայաստանը կեղծ խաղաղասիրության միջոցով քայլ առ քայլ գնում է դեպի նոր, առավել խայտառակ կապիտուլ յացիայի։ Եվ այս պայմաններում հազիվ թե կարելի է պատահական համարել վերջին շրջանում ավելի պարբերական դարձած թուրք-ադրբեջանական ինտենսիվ զորավարժությունները։ Եթե հիշում եք, թուրք-ադրբեջանական նույնպիսի ինտենսիվ զորավարժություններ էին անցած տարի՝ հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի ունեցավ, բոլորս ականատես եղանք։
Նույնը կարող է լինել նաև հիմա՝ մանավանդ որ Թուրքիայից ու Ադրբեջանից ազդակներ են գալիս, որ իրենց համբերությունն անսպառ չէ։ Այսինքն, չպետք է բացառել, որ թշնամին կարող է նոր առաջխաղացում ունենալ, զորք մտցնել խորհրդային ժամանակներում իրենը համարված անկլավներ ու վերջապես Թուրքիայի ներգրավվածությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Եթե այս իրադարձությունները տեղի ունենան, Փաշինյանն արդեն կարող է իրեն թույլ տալ ստորագրել մի նոր ստորացուցիչ փաստաթուղթ, որում կարող են տեղ գտնել հայության համար բացարձակ անընդունելի պայմաններ, ընդ որում՝ նաև նորերը։
Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում, այս անգամ ևս Փաշինյանը կարող է այդ փաստաթղթի ստորագրումը ներկայացնել որպես «փրկություն»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթեր դուրս կգա ու կհայտարարի, թե այլ ելք չկար, դրանով հազարավոր կյանքեր է փրկել։ Այնպես որ, եթե այսպես շարունակվի, ապա, առանց չափազանցնելու, Հայաստանին առավել դժնդակ օրեր են սպասվում, քան հիմա է։
Ճիշտ է՝ երկրում ընդհանուր հիասթափության մթնոլորտ կա, բայց ժողովուրդն ու քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն նոր կապիտուլ յացիոն աղետին դիմագրավելու համար, քանի դեռ գործընթացը շատ չի հասունացել։ Մենք ներկայումս փաստացի իշխանություն չունենք։ Մի՞թե սեփական հայրենիքը կապիտուլ յացիայի տարած ու պարտության սիմվոլ դարձած ղեկավարը կարող է ի վիճակի լինել պաշտպանել իր երկրի շահերը։ Թշնամին արդեն այն աստիճանի է լկտիացել, որ արդեն Փաշինյանին «հրահանգում» է Սահմանադրություն փոխել, հրաժարվել պատմական արդարության վերականգնմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործընթացից։ Փաշինյանը պարծենում էր, թե ժողովուրդն իրեն մանդատ է տվել, պատվիրակել է լինել վարչապետ, ուրեմն, ո՞ւր է այդ մանդատը, դա միայն ներքին օգտագործման համա՞ր է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Tert.am