Հոկտեմբերի 17-ին Գյումրիում և այլ համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընտրական տեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու ու տեսանկարահանում չի իրականացվելու։ 

Հատկանշական է, որ ընդամենը չորս ամիս առաջ՝ ԱԺ ընտրությունների ժամանակ այդ նույն տեղամասերում տեսախցիկները գործել են, դրանք կան, տեղադրված են, այսինքն՝ լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջում:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը պարզաբանման համար զրուցեց ԿԸՀ նախգահ Տիգրան Մուկուչյանի հետ, ով նշեց, որ տեսախցիկներ նախատեսվում են միայն համապետական ընտրությունների ժամանակ. «Որևէ փոփոխություն առումով առկա չէ. երբևէ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, թե Գյումրիում, թե Վանաձորում տեսախցիկներ չեն կիրառվել: Օրենքը սահմանել է, որ համապետական ընտրությունների ժամանակ են կիրառվում տեսախցիկներ: Մենք նախկինում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ունեցել ենք, բայց դրանք ուղղակիորեն հաջորդել կամ նախորդել են համապետական ընտրությանը, հետևաբար համապետական ընտրություններից հետո տեսախցիկները շարունակել են մնալ: Ինչ վերաբերում է առանձին համայնքներում ՏԻՄ ընտրությունների անցկացմանը, մենք տեսախցիկներ երբեք չենք ունեցել:  Դա մեծ ծախսեր և մեծ ծավալի աշխատանք ենթադրող գործընթաց է»:

Մուկուչյանը տեղեկացրեց, որ այս հարցով իրենք պաշտոնական դիմումներ չեն ունեցել. «Տարածքային ընտրական հանձնաժողովներից Գյումրիից են տեղեկացրել, որ էնտեղ նման հարցադրումներ կան: Բնական է, որ իրենք պարզաբանել են, որ տեսախցիկները միայն համապետական ընտրությունների համար են նախատեսված: Այն ամբողջ գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս ընտրությունների ժամանակ իրականացնել հանրային վերահսկողություն, դա ամբողջությամբ գործելու է այս ընտրությունների ժամանակ»:

Հարցին, թե արդյոք տեսախցիկների առկայությունը ավելի չի մեծացնում վստահությունն ու թափանցիկությունը ընտրական գործընթացի, նա արձագանքեց. «Ես ուղղակիորեն նման դատողություն չէի փորձի անել, որովհետև մեր օրենսդրությունը հսկայական գործիքակազմ է նախատեսում ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններում ներկա գտնվել և վերահսկողություն իրականացնել: Ասել, որ տեսախցիկները չտեղադրումը կարող է հանգեցնել տարբեր խնդիրների, կարծում եմ՝ ճիշտ չէ: Առավել ևս բազմաթիվ երկրներում նույնպես տեղի են ունենում ընտրություններ և տեսախցիկներ չեն տեղադրվում: Դրանից ընտրությունների թափանցիկությունը բնավ չի կարելի համարել, որ տուժում է»:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն