Ֆրանսահայ «Ոսկե ձայնն» արժանացել է ոսկե մեդալի
Մեր հայրենակից՝ ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն արժանացել է Grand Prix Humanitaire De France ոսկե մեդալի՝ երաժշտարվեստում ունեցած ներդրման, բարեգործական համերգների համար: Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի Սենատում, որտեղ նա հանդես է եկել երկու բացառիկ մենահամերգով:
Երեւանյան արվեստասեր հանրությունը դեռ 1980-ականներից է հիշում «Փոքրիկ Կառուզոյին»: Սեւահեր, սեւ սաթե աչքերով փոքրիկը Ռուբեն Էլբակյանն էր՝ ընդամենը 7 տարեկան, որ իր զգացմունքային, մաքուր կատարումներով կարողացել էր հիացնել հանդիսատեսին: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ռուբենն աշակերտել է Գոհար Գասպարյանին եւ Տաթեւիկ Սազանդարյանին:
Ֆրանսիայում Ռուբեն Էլբակյանը շարունակել է երաժշտական ճանապարհը՝ հանդես գալով մենահամերգներով: Արտիստը երգել է Լյուքսեմբուրգի, Կաննի փառատոների պալատներում, ինչպես նաեւ Փարիզի Դեժասեթ թատրոնում:
2010 թվականի ապրիլի 24-ին Ռուբեն Էլբակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց յուրովի՝ Ֆրանսիայի ազգային ոստիկանության նվագախմբի նվագակցությամբ Փարիզի Հաղթանակի կամարի տակ կատարելով Հայաստանի եւ Ֆրանսիայի հիմները:
Հայազգի տենորին եվրոպացիները «Ոսկե ձայն» անունն են տվել:
Ռուբեն Էլբակյանի երգացանկում, բացի համաշխարհային դասականներից, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմիտասը: Նրա «Կոմիտաս» ալբոմը FNAC-ն արժանացրել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակի»:
Ռուբեն Էլբակյանը մտահոգ ու անհանգիստ է. նրան խիստ հուզում է Հայաստանի ապագան: «Այսօր ոչ մի հայրենասեր հայ չի կարող լիաթոք ուրախանալ սեփական հաջողությամբ, քանի դեռ մեր հայրենիքը կանգնած է լուրջ վտանգի ու փորձությունների առջեւ»,- իր հարցազրույցներում բազմիցս նշել է նա ու պատրաստակամություն հայտնել բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանի տարբեր քաղաքներում ու Արցախում:
Hraparak.am