Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը մի հոդվածով արդարացվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Հայկ Սարգայանն արդարացվել է ՔՕ 235 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք-զինամթերք կրել, պահելը։ Մյուս հոդվածով ՝առանձնապես ծանր հանցագործություն սպանության փորձը, վերավորակվել է 120 հոդվածի՝ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը։ Այդ մասով էլ, քանի որ վաղեմությունն անցել էր, քրեական հետապնդումը դադարեցվեց»,-մանրամասնեց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը նախաքննության ընթացքում գտնվում էր կալանքի տակ, սակայն գործը քննող դատավորը, այն վարույթ ընդունելիս, անդրադառնալով խափանման միջոցի հարցին՝ 50 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատ էր արձակել կալանքից: