Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին: 

Նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-հնդկական հարաբերության բազմաոլորտ պատկերը, միաժամանակ խոսել պաշտպանության ոլորտում գործակցությունը խորացնելու մասին: 

Այդ ուղղությամբ գործակցությունը խորացնելու Հնդկաստանի պատրաստակամությունը հայտնել է դեսպանը, ինչին ի պատասխան Հայաստանի նախարարը նշել է մասնավորապես Երևանի հետաքրքրությունը ռազմա-տեխնիկական ասպեկտի հանդեպ: 

Այստեղ իհարկե խոսք կարող է լինել ոչ միայն զուտ Հնդկաստանից սպառազինություն ձեռք բերելուն, հաշվի առնելով, որ այդ երկիրը արդեն տևական ժամանակ բավականին առաջընթաց է արձանագրել սպառազինության վաճառքի համաշխարհային շուկայում, փորձելով ամրապնդվել իբրև խոշոր արտադրող: 

Հնդկաստանն ունի զինատեսակներ, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանին հաշվի առնելով նաև մի նուրբ ասպեկտ: Դելին իր ռազմաարդյունաբերությունը առաջ է տանում անշուշտ հաշվի առնելով այն մարտահրավերները, որ կան Պակիստանի ուղղությամբ: 

Իսկ այդ առումով, պետք չէ մոռանալ, որ Հայաստանի անվտանգային մարտահրավերները որոշակիորեն նույնական են, հաշվի առնելով Պակիստան-Ադրբեջան, ու նաև այսօր արդեն ձևավորվող և փաստորեն Արցախի ու Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմով «փորձարկված»՝ Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ալյանսը, որը պատերազմից հետո դրսևորում է խորանալու վարք: Ու նաև, այդ համատեքստում, Հայաստանի պաշտպանության նախարարի և Հայաստանում հնդկաստանի դեսպանի ներկայիս հանդիպումը ունի մեկ այլ առանձնահատուկ շերտ կամ նրբերանգ, կամ՝ կարող է ունենալ կամ դիտարկվել դրանով:

Բանն այն է, որ օրերս հայտարարվեց հնդկա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնում մեկ այլ եռյակ ալյանսի՝ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա դաշինքի ձևավորում, որը ունի բարձրտեխնոլոգիական հենքով անվտանգային գերակա խաղացող լինելու նպատակ: Այդ ալյանսի հայտարարումից հետո դիտարկեցինք այն, որ շատ կարևոր է լինելու ռեգիոնալ լայն նշանակության այդ ալյանսի հանդեպ Հնդկաստանի վարքագիծը: Եվ ահա, օրերս, Սպիտակ տանը տեղի ունեցավ ԱՄՆ, Ավստրալիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի առաջնորդների հանդիպումը և դրան հաջորդած համատեղ հայտարարությունը, ինչը թույլ է տալիս առնվազն նշմարել, որ Հնդկաստանը գործելու է հնդկա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնի անվտանգային համակարգի այն տրամաբանության հետ համահունչ կամ գործակցության միտումով, որ ձևավորվել է ԱՄՆ նախաձեռնությամբ: Իսկ այդ առումով Հայաստանի համար շատ կարևոր է այն, որ միջազգային անվտանգային ներկայիս իրողություններում կարծես թե խոշոր դաշինքներից ավելի, առնվազն մարտավարական ժամանակահատվածում էական է դառնում «մոբիլ» դաշինքների դերը, այսինքն ռեգիոնալ ալյանսների, որոնք փորձելու են ավելի արագ գործողություններով հարցեր լուծել առանձին գոտիներում: Եվ հատկապես նկատի ունենալով Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռյակի ձևավորումն ու խորացումը, դրանից բխող մարտահրավերները, Հայաստանի համար հույժ կարևոր է իր այսպես ասած ավանդական գործընկեր Ռուսաստանին զուգահեռ, հարաբերության կայուն և փոխադարձ վստահությամբ հաղորդակցություն ձևավորել նաև ռեգիոնալ նորաստեղծ ալյանսների հետ, այդ թվում մասնավորապես այն ձևաչափի, որ կազմավորվում է մեր ռեգիոնին մերձ առանցքային գոտում, որտեղ իրենց հավակնություններն են դրսևորում Թուրքիան ու Պակիստանը:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն