Առաջիկայում Հայաստանի բազմաթիվ համայնքներում խոշորացումներ են նախատեսվում և ՏԻՄ ընտրությունների անցկացում: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն արդեն հայտարարում են, որ սա իշխանության կողմից անցանկալի համայնքի ղեկավարներից ազատվելու միջոց է և եթե նախագահը ստորագրի այդ օրենքը, իրենք դիմելու են Սահմանադրական դատարան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նշեց,. «Իսկապես, նախագիծը քիչ քննարկվեց, կային անհամաձայնություններ, որոնք հնչել էին հանրային լսումների ժամանակ, որոնք, սակայն, չարտացոլվեցին նախագծում, և այն ընդունվեց այնպես, ինչպես նախատեսվել էր: Այն, որ այս գործընթացը վաղուցվանից է սկսվել, դա փաստ է, այն, որ հստակ չէ, թե ինչ սկզբունքով է այն իրականացվում, դա էլ է փաստ:

Հեղափոխությունից առաջ էլ կար այդ խնդիրը, որ համայնքների փնջերը որոշվում էին փաստացի յուրայիններով: Այսինքն այն, ինչ այսօր ասում է ընդդիմությունը, իրենց ժամանակ էլ դա կար. ով է իրենց ավելի շատ լավություն արել, դրանով էլ որոշվում էր, թե որ գյուղը կդառնա խոշորացված համայնքի կենտրոնը: Շատ հստակ էր, որ հենց այդ սկզբունքով է դա արվում: Համայնքապետերի կողմից կոնկրետ ինչ-որ ծառայություններ էին մատուցվում դրա համար: Հիմա իրենք իրենց նախկին փորձառության վրա են այդպիսի եզրակացություններ անում»:

Վարդինե Գրիգորյանի խոսքով, ինքը մի փոքր ուսումնասիրել է քվեարկության արդյունքները՝ փորձելով հասկանալ, թե արդյոք անցանկալի համայնքապետերին հանելու մեղադրանքը որքանով է հիմնավոր և նման բան չի տեսել. «Բայց նաև չենք կարող պնդել հակառակը: Ես ուղղակի գիտեմ, որ իրենք ուզում են վերականգնել խորհրդային շրջանների սկզբունքով բաժանումը: Հարցն այն է, որ իմաստը համայնքների խոշորացման պետք է լիներ գործառույթների ավելացումը, ինչը չենք տեսնում: Այսինքն խոշորացումը համայնքներին պետք է տար ավելի շատ լիազորություններ, բայց հիմա ոնց որ զուտ խոշորացնում են վարչական ծախսերը նվազեցնելու համար: Բայց թե այդ համայնքներին ինչ լիազորություններ են տալու, դրա մասին ոչինչ չեն ասում»:

Հարցին, թե եթե ընդդիմադիրները այս հարցով դիմեն ՍԴ, ի՞նչ կարելի է ակնկալել ՍԴ-ից, նա պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում, թե դրա հակասահմանադրականությունը որը կարող է լինել: Ասենք, խնդիր կլիներ, եթե նախատեսվեր, որ տեղական հանրաքվեն պարտադիր ուժ պետք է ունենա, իսկ հիմա չեմ պատկերացնում, թե ինչը կարող է հակասահմանադրական լինել: Այնպես չէ, որ ցանկացած համայնքի սահմանները սահմանված են Սահմանադրությամբ, որ հիմա էլ փոխում են:

Ես վստահ եմ, որ շատ տարբեր են մոտիվները, թե ինչու են մարդիկ դեմ կամ կողմ այս  նախաձեռնությանը: Մեկի համար դեմ լինելու պատճառն այն է, որ ինքը 30 տարի համայնքապետ է եղել, իսկ հիմա չի լինելու: Կարող է ինչ-որ մեկը մտածել, որ համայնքապետի սահմանադրական իրավունքն է հավերժ համայնքապետ լինելու:

Ես կարծում եմ՝ համամասնական ընտրակարգով համայնքի ընտրություններ անցկացնելն ավելի լավ է, քան մեծամասնականով: Հիմա իրական կյանքում կտեսնենք, թե որքանով է դա դրական»:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն