«Ես պատրաստ եմ բանակցություններ վարել պարոն Փաշինյանի հետ ցանկացած ժամանակ». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը Ադրբեջանին հանձնի գրավյալ տարածքների ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, ապա Բաքուն դրան ադեկվատ կերպով կպատասխանի։ Այդ մասին նա հայտնել է իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում։
«Մեր պահանջը նրանում է, որ Հայաստանը մեզ փոխանցի ճշգրիտ քարտեզները (խմբ. Ղարաբաղի գրավյալ տարածքների ականապատ դաշտերի քարտեզները)։ Այն քարտեզները, որոնց վրա նշված են ականներից զերծ տարածքները։ Նրանք այնտեղ ամեն ինչ են ականապատել։ Մեզ պետք են հենց այն հատվածները, որտեղ դրանք դրված են։ Նրանք ունեն այդպիսի քարտեզներ։ Եթե նրանք դա անեն, եթե բարի կամք դրսևորեն, մենք դրան ադեկվատ պատասխան կտանք»,- նշել է Ալիևը։
Վերջինիս պնդմամբ՝ խոսքը գնում է հարյուր հազարավոր ականների մասին, որոնք տեղադրված են Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում։ «Երբ մեր կողմից պահանջվեցին ականապատ դաշտերի քարտեզները, Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ նրանք այդպիսի քարտեզներ չունեն։ Այն պատճառով, որ Հայաստանը մեզ չի փոխանցել այդ քարտեզները, վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում, ինչ ավարտվել է պատերազմը, զոհվել կամ վիրավորվել է շուրջ 150 զինվորական և քաղաքացիական անձ»,- հավելել է Ալիևը։
Խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին` Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել այն ժամանակ, երբ դրան պատրաստ կլինի Փաշինյանը։ «Ես պատրաստ եմ և արդել շարադրել եմ իր դիրքորոշումը։ Եթե հայկական կողմը պատրաստ է, ապա պատրաստ եմ և ես։ Մենք մեկ հանդիպում ենք ունեցել, որը տեղի է ունեցել այս տարվա սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով և եռակողմ ձևաչափով։ Ես պատրաստ եմ բանակցություններ վարել պարոն Փաշինյանի հետ ցանկացած ժամանակ, երբ նա պատրաստ կլինի։ Այսպիսով, ես պատրաստ եմ քննարկումների և կարծում եմ, որ դա կարող է դառնալ լավ ցուցիչ նրա, որ պատրերազմն ավարտվել է և այդ էջը շրջվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որը հիմնված կլինի երկկողմ տարածքային ամբողջականության ճանաչման վրա։ «Մենք պատրաստ ենք անմիջապես անցնել մեր սահմանների սահմանազատմանը, իսկ դրա ավարտից հետո՝ նաև սահմանագծմանը։ Մենք նաև հայտարարել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների սկսմանը»,- եզրափակել է Ալիևը՝ հավելելով, որ Երևանը դեռևս դրական պատասխան չի տվել այդ նախաձեռնություններին։
Hetq.am