Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 5-ին կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ավելի վաղ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, որ Բլինկենը Փարիզում լինելու է հոկտեմբերի 4-6-ը և հանդիպելու է Ֆրանսիայի ղեկավարության հետ:

Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:


168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն