Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացրած քաղաքացու ձերբակալության մասին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու կասկածանքով Ադրբեջանի քաղաքացի Այդըն Զաքի օղլու Զաքիևի ձերբակալության մասին։
«Օպերատիվ-որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում հիմքեր են առաջացել կասկածելու, որ Ադրբեջանի քաղաքացի, 1970 թվականին ծնված, Այդըն Զաքի օղլու Զաքիևը լրտեսություն է իրականացրել ի վնաս Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության ու պաշտպանողականության։ Նա աջակցել է հայկական հատուկ ծառայություններին՝ մեր երկրի դեմ թշնամական գործողություններ իրականացման ժամանակ»,- նշվում է ադրբեջանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ քննության տվյալների՝ Զաքիևը, Ադրբեջանի տարածքում գտնվող երրորդ երկրի քաղաքացիների միջոցով հանձնարարություններ է ստացել հայկական հատուկ ծառայություններից և կատարել դրանք։ Բացի այդ, նրան «հանձնարարվել է լրտեսության մեջ ներգրավել նաև այլ անձանց»։ «Նա, մասնավորապես, տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի համալրման վերաբերյալ, աջակցել հայկական հատուկ ծառայություններին ուղղորդված ապատեղեկատվության տարածման գործում, որն ուղղված է եղել էթնիկական շարժառիթներով հանրապետության տարածքում դիմադրության հրահրմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածով («պետական դավաճանություն»)։ Վերջինս դատարանի որոշմամբ ձերբակալվել է։
Hetq.am