Թրամփը պատմել է, թե ինչ դեղամիջոցով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ հայտարարել է, որ ինքը կորոնավիրուսի դեմ Pfizer-ի դեղամիջոցով է պատվաստվել, եւ չի բացառել, որ կարող է նորից պատվաստվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դե, ինձ Pfizer-ով են պատվաստել, բայց ուրախ կլինեի դրանցից (պատվաստանյութերից) ցանկացածի դեպքում»,- ասել է նա Yahoo Finance ինտերնետային պորտալին տված հարցազրույցում:
ԱՄՆ-ում օգտագործման համար երեք արտադրողի՝ Pfizer-ի, Moderna-ի եւ Johnson & Johnson-ի պատվաստանյութերն են հավանության արժանացել: Թրամփն իր վարչակազմին է վերագրում դրանց արագացված մշակումն ու շրջանառության մեջ դնելը:
Անցյալ աշնանը Թրամփը վարակվել էր կորոնավիրուսով եւ կարճ ժամանակով հոսպիտալացվել: Նա եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը պատվաստվել էին հունվարին՝ Վաշինգտոնից հեռանալուց կարճ ժամանակ առաջ, բայց այդ մասին հայտարարել էին միայն մարտին, գրում է Yahoo Finance-ը:
Ըստ տարիքի՝ 75-ամյա Թրամփը իմունային համակարգը ամրապնդելու համար կարող է ստանալ երրորդ՝ բուստերային չափաբաժինը: Նախկին նախագահը հնարավոր է համարել ռեվակցինացիան, եթե զգա, որ «դա անհրաժեշտ է»: Անցյալ երկուշաբթի ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, ով 78 տարեկան է, երրորդ անգամ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Անցյալ շաբաթ երկրի բժշկական իշխանությունները հաստատել են Pfizer պատվաստանյութի բուստերային չափաբաժնի թույլատրելիությունը 65 տարեկանից բարձր մարդկանց եւ տարբեր ռիսկային խմբերի երիտասարդների համար:
Ուրբաթ օրը ԱՄՆ-ում կորոնավիրուսային համավարակի զոհերի թիվը պաշտոնապես հասել է 700 000-ի: «Ես կարծում էի, որ մինչ այդ ամեն ինչ վաղուց արդեն ավարտված կլինի»,- խոստովանել է Թրամփը:
News.am