Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարները կփորձեն բարելավել երկու երկրների հարաբերությունները
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 5-ին բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, քանի որ երկու երկրները ձգտում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները՝ Ֆրանսիայի սուզանավերի շահութաբեր պայմանագրի պատճառով ծագած վեճից հետո, հայտնում է Reuters-ը:
«Երկու նախարարները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալիք հանդիպումից հետո խորացված բանակցություններ կանցկացնեն, որպեսզի որոշեն այն քայլերը, որոնք կպահանջվեն երկու երկրների միջեւ վստահությունը վերականգնելու համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ան-Քլեր Լեժանդրը: «Ինչպես նախարարն ասաց Նյու Յորքում, այս ճգնաժամից դուրս գալու համար կպահանջվի ժամանակ եւ վճռական գործողություններ»,- հավելել է նա:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները վատթարացել են սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ Ավստրալիան չեղյալ հայտարարեց ֆրանսիական սուզանավերի մշակման մի քանի միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը՝ փոխարենը Միացյալ Նահանգների հետ միջուկային առնվազն 8 սուզանավ կառուցելու համար:
Ի պատասխան՝ Ֆրանսիան կարճ ժամանակով հետ կանչեց ԱՄՆ-ում իր դեսպանին, չնայած նա արդեն վերադարձել է Վաշինգտոն:
Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենը շաբաթ օրը Twitter-ում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպման լուսանկար է հրապարակել:
Նախագահ Ջո Բայդենը եւ նախագահ Էմանուել Մակրոնը խոսել են նաեւ երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ «խորացված խորհրդակցություններ» անցկացնելու մտադրության մասին:
Բլինքենը երկուշաբթիից չորեքշաբթի կայցելի Փարիզ եւ կնախագահի Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նախարարների հանդիպումը:
News.am