Դեռևս 44-օրյա պատերազմից շատ առաջ, արցախյան հարցում և հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ, ռեգիոնալ լայն մակարդակում ռազմա-քաղաքական իրողություններին և շերտերին տարբեր անդրադարձերի առիթով խոսել եմ այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի համար մոտենում է վճռորոշ, հանգուցային մի կետ: 

Ալիևը 2003 թվականին գալով իշխանության, ժառանգելով իշխանությունը հորից, որդեգրեց կոշտ գծի ռազմավարություն, ակնկալելով այն սպասարկել նավի և գազի առավելությամբ:Այդ ռազմավարության շրջանակում, Ալիևը ռևանշիզմը դարձրեց Ադրբեջանի այսպես կոչված ազգային ինքնության, ինչպես նաև այդ պայմաններում սեփական իշխանության հիմք: Հետևաբար, ժամանակի ընթացքում նա՝ կամ պետք է բավարարեր ռևանշի իր իսկ հասունացրած ձգտումը, կամ պետք է կորցներ դրա վրա կառուցված իշխանությունը: Սա իհարկե առաջացնում էր ճգնաժամ նաև ռեգիոնալ-միջազգային մասշտաբով, այն խաղացողների շրջանում, որոնք ներգրավված էին կովկասյան և այդ թվում մասնավորապես արցախյան գոտում ծավալվող իրավիճակում և հատվող շահերում: Կամ պետք էր լուծել Ալիևին պատերազմով «պահելու» հարցը, կամ՝ նրան ճանապարհելու: Սա էլ իր հերթին առաջացնում էր խնդիր՝ կամ պետք է ձևավորվեր այնպիսի կոնսենսուս, որը կապահովեր պատերազմի հիմք, լեգիտիմություն, թեկուզ չբարձրաձայնված կոնսենսուսով, կամ պետք է լիներ կոնսենսուս Ադրբեջանում իշխանափոխության հարցում: Կար նաև այլ տարբերակ՝ գտնվում է մեկ ուժեղ կենտրոն, ուժ, որը միանձնյա լուծում է կամ պատերազմի, կամ Ադրբեջանում իշխանափոխության հարցը: Բայց, այդպիսի կենտրոն չկար և չի լինելու տեսանելի ապագայում, հետևաբար անխուսափելի էր դառնում կոնսենսուսը կամ Ալիևին ճանապարհելու և այդպիսով ժամանակ շահելու, կամ պատերազմով նրա համար ժամանակ շահելու հարցում: Մի շարք գործոնների ազդեցությամբ, մի շարք իրողությունների բերումով տեղի ունեցավ երկրորդը, թեև բոլորովին պակաս կամ քիչ հավանական չէր նաև առաջին տարբերակը: Այդուհանդերձ, ի դժբախտություն մեզ տեղի ունեցավ երկրորդը, սանձազերծվեց պատերազմը, նոր իրավիճակը ռեգիոնում, որից հետո սակայն խոշոր հաշվով շարունակում է մնալ «Ալիևի դիլեման»:

Բանն այն է, որ անպատկերացնելի է, թե ինչպես է Ալիևի հետ «համատեղվելու» Արցախի կարգավիճակի հարցի օրակարգայնացումը: Այստեղ խնդիրը իհարկե այսպես ասած հրատապ չէ, կա որոշակիորեն անորոշ գործընթացի ժամանակային պաշար: Բայց, ժամանակի ընթացքում, և ոչ մեծ հեռանկարում, հարկ է լինելու ի վերջո որոշակիացնել օրակարգը: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է Ալիևը իր հանրությանը մատուցելու Արցախի կարգավիճակի օրակարգի ֆորմալացումը: Իհարկե ոչինչ, այդ թվում այդ մատուցման ձևի ընտրությունն էլ քաղաքականության մեջ բացառել հնարավոր չէ, սակայն այդուհանդերձ Ալիևը իր պահվածքով ու հռետորաբանությամբ դրանից հեռանում է, կամ դրա որևէ հեռանկարից հեռանում է ամեն օր և նույնիսկ ժամ առ ժամ:

Հետևաբար, ժամանակի ընթացքում վերստին առաջանալու է «դիլեմա», կամ-կամ-ի, կամ մի քանի կամ-կամերի հանգույց: Կամ պետք է հայկական կողմին պարտադրվի հրաժարում Արցախի կարգավիճակից, կամ պետք է կարգավիճակ պարտադրվի Ալիևին, ինչը կարող է թերևս տեղի ունենալ միայն նրա իշխանության գնով: Ընդ որում, Ալիևի պահվածքը նաև վկայում է նրա անհանգստությունն այդ կապակցությամբ, ինչը նշանակում է, որ նա ձգտելու է հասնել մի վիճակի, երբ կարգավիճակը կպարտադրվի այսպես ասած համարժեք փոխհատուցման դիմաց, բնականաբար Հայաստանի հաշվին: Ալիևը հասկանում է, որ ռազմավարական հեռանկարի համար չհասնելով սրան, անկարող է լինելու պահել իշխանությունը, անգամ հերթական մեծ պատերազմ հրահրելու դեպքում: Այդ հարցում լայն կոնսենսուսի հնարավորությունը ներկայումս արմատապես նվազել է, հետևաբար էապես բարձրացել Ալիևին ճանապարհելու լայն կոնսենսուսի հավանականությունը:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն