«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հյուսիս-հարավ թե՞ արևելք-արևմուտք.

Ասիական շուկան եվրոպական շուկային ցամաքային կապով միանալու ծրագիրը կարելի է բնութագրել 21-րդ դարի մեգա աշխարհաքաղաքական նախագիծ, որն իր տնտեսական ներուժով և հնարավորություններով ի զորու է իրար դեմ հանել աշխարհի գերհզոր կենտրոններին և հավակնում է դառնալ նոր աշխարհակարգի աշխարհատնտեսական հիմքը: 

Չինաստանի և Հնդկաստանի կողմից եվրոպական շուկայի հետ միանալու առևտրային նոր մագիստրալների նախագծման շրջանում առաջ եկավ երկու նխագիծ՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք, ինչը հանգեցրեց թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ գործողությունների մեր տարածաշրջանում՝ ընդդեմ Իրանի և Հայաստանի:

Հյուսիս-հարավ նախագիծը ենթադրում է Պարսից Ծոցը ցամաքային ճանապարհով կապել Սև ծովի հետ՝ Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով, որին աջակցում են Հնդկաստանը, մասամբ Չինաստանը, մայրցամաքային Եվրոպան և ԱՄՆ նեոկոնսերվատիվ (իռլանդական և հակահրեական) քաղաքական-տնտեսական իսթեբլիշմենթը:

Արևելք-արևմուտք նախագիծը ենթադրում է Կասպից ծովը կապել Սև և Միջերկրական ծովերի հետ, և  այդ ճանապարհը պետք է անցնի Հայաստանի հարավով, որը թուրքերն անվանում են «զանգեզուրի միջանցք»:

Այս նախագծին աջակցում են Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Թուրքիան, Պակիստանը, ԱՄՆ հրեական ազդեցության տակ գտնվող քաղաքական-տնտեսական իսթեբլիշմենթը:

Ուժերի հարաբերակցությունը գրեթե հավասար է և որոշիչ ձայնի իրավունք ունի Ռուսաստանը, որը դեռ վերջնականապես չի արտահայտել իր դիրքորոշումը, սակայն չի բացառվում, որ այդ որոշումն արդեն ընդունված է և կհրապարակվի վերջին պահին՝ փոխելով ուժերի հարաբերակցությունը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Ադրբեջանն այս ընթացքում կենտրոնացել է Հայաստանի հարավը հյուսիսին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու և դրանք որպես տարանցիկ կոմունիկացիա վերացնելու աշխարհաքաղաքական խնդրի վրա՝ առաջ բերելով «Սովետական Հայաստանի» սահմանների կեղծ և հակահայկական ձևաչափը:

Այս ձևաչափի շրջանակներում Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանից վերցնել, այսպես կոչված, անկլավները, որոնց տարածքով են անցնում Երևանը Թբիլիսիին և Թեհրանին կապող ավտոճանապարհները, որտեղ կհայտնվեն ադրբեջանական ոստիկանական ուղեկալներ և կարգելվի իրանական բեռների շարժն այդ ճանապարհներով:

Իրանի կողմից Ադրբեջանի սահմանի ամբողջ երկայնքով իրականացվող ռազմական վարժանքները, իսկ իրականում զորքի և զինտեխնիկայի աննախադեպ կուտակումն ու«Ադրբեջան» պռոեկտի համար իրական սպառնալիքի ստեղծումը նպատակ ունի ուժով երաշխավորել հյուսիս-հարավ ուղղության անխափանությունը և Իրանի հյուսիսային կապը արտաքին աշխարհի հետ:

Թուրքիան ևս ձեռքերը ծալած չի նստել և Վրաստան է գործուղել իր գլխավոր գործակալին՝ Միխայիր Սահակաշվիլիին, ում առջև խնդիր է դրվել ապակայունացնել իրավիճակը Վրաստանում և դուրս հանել այս պետությունը հյուսիս-հարավ նախագծից՝ վերջնականապես փլուզելով դրա կենսագործման աշխարհագրական բաղադրիչը:

Իսկ ինչ է անում այս իրավիճակում պաշտոնական Երևանը, երբ տարծաշրջանը վեր է ածվել վառոդի տակառի և ցանկացած պահի կարող է պայթեցնել ինչպես Հայաստանն ու ամբողջ տարածաշրջանը, այնպես էլ համաշխարհային անվտանգության համակարգը:

Մեծ հաշվով ոչինչ, անհասկանալի ծագման ֆեյք «մայր Թերեզայի» կերպարով Հայաստանի տարածքների հաշվին անշրջելի խաղաղության դարաշրջան է բացում տարածաշրջանի համար և «սովետական Հայաստանի» քարտեզով Ադրբեջանին է հանձնում Հայաստանի տարանցիկ ամբողջ ենթակառուցվածքային ներուժը:

Հ.Գ. Չգիտեմ սա Հայի բախտ է՞, որ այս ճակատագրական շրջափուլում Հայաստանը ղեկավարում են փողոցային անգրագետ հեղափոխականներ, թե՞ ուղղակի ուղղակի մեզ պարտադրված իրականություն՝ Հայաստանը քարտեզի վրայից ջնջելու և Հային քոչվոր ազգ դարձնելու թուրքական պատմական առաքելությամբ»:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն