Վրաստանի ՆԳՆ-ն 16 քրեական գործ է հարուցել ընտրությունների օրը
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները 16 քրեական գործ են քննում երկրում ՏԻՄ ընտրությունների օրն իրականացված հանցագործությունների մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Քետևան Կովզիաշվիլին:
«Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են հանգիստ իրավիճակում, վերջին տվյալներով՝ ոստիկանությունը երկրի ողջ տարածքում հետաքննություն է սկսել 16 քրեական գործով»,- հայտնել է Կովզիաշվիլին:
Ինչպես հաղորդվում է, քերական գործերը հարուցվել են ծեծկռտուքի, գողության, ընտրատեղամասերում գույքը վնասելու, դանակով վիրավորելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, մեկ անգամից ավել քվեարկելու և այլ խախտումների առնչությամբ:
Կովզիաշվիլին նաև ընդգծել է, որ ՆԳՆ-ն գործ է հարուցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական կայքի դեմ իրականացված կիբեռհարձակումների վերաբերյալ: Ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար իրավապահները վարչական կարգով 7 մարդու են բերման ենթարկել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել: ԿԸՀ նախնական տեվյալների համաձայն՝ նախատեսվում քաղաքապետերի ընտրության երկրորդ փուլով անցկացնել առնվազն 20 քաղաքում, այդ թվում՝ մայրաքաղաքում, որտեղ պայքարն ընթանում է իշխող կուսակցության ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Կախա Կալաձեի և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Նիկա Մելիայի միջև: