«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ՝ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նորից ճանապարհ ընկա հերթական կարևոր հանդիպումներին: Իմ օրակարգում են հետևյալ խնդիրները.

     1. Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիան, որն ամբողջովին ոչնչացրեց խաղաղ բանակցությունները, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: 

     2. ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական հոդվածների բազմաթիվ խախտումները: 

     3. Պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Արցախի խաղաղ հայ բնակչության, հայ ռազմագերիների նկատմամբ: 

     4. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զենքի օգտագործումը (ներառյալ կասետային ռումբերն ու քիմիական զենքի տարրերը), խաղաղ բնակչության, դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծությունները: 

     5. Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումն ու օգտագործումը: 

     6. Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու ադրբեջանականացումը: 

     7. Արցախի և Հայաստանի դեմ անօրինական շրջափակումը, որն ուղղված է հայերի պատմական բնակության վայրի հայաթափմանը: 

     8. Հայերի դեմ ատելության քարոզումը ինչպես Ադրբեջանի ներսում (ներառյալ երեխաների շրջանում), այնպես էլ դրա սահմաններից դուրս, և, ըստ էության, Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը: 

     9. Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մշտական ոտնձգությունները՝ արտահայտված ագրեսիվ հռետորաբանությամբ, պատմական ճշմարտության աղավաղմամբ, ատելության քարոզով, ինչպես նաև անմիջական ռազմական գործողություններով և ՀՀ սուվերեն սահմանների խախտմամբ: 

     10. Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը՝ ի նշան Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչության:

     11. Ռազմագերիների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների ձերբակալությունները, խոշտանգումներն ու սպանությունները: 

     12. Զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմինների պղծումը:

     Այս և այլ հարցերի առաջ մղումն ինձ հասու բոլոր միջազգային ատյաններում շարունակվում են, որոնք, միանշանակ, բխում են Հայաստանի ազգային պետական շահերից: 

     Այս պահին առաջնահերթություն է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի հեռացումը, հայ ռազմագերիների օր առաջ Հայաստան վերադարձը, սահմաններում ադրբեջանական սադրանքների դադարեցումը, որից հետո կարող ենք քննարկել օրակարգային մյուս բոլոր հարցերը»:

Mamul.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն