Հայ-թուրքական հարաբերություններում չեմ կարող սպասել մեծ բեկում, որովհետև երկու կողմերի դիրքերը մնում են անփոփոխ
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը
Պարոն Սաֆրաստյան, օրերս Էրդողանի խոսնակը հայտարարել է, թե սկզբունքորեն դրականորեն է վերաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանի որ Ղարաբաղի օկուպացիա այլևս չկա, սակայն կան չլուծված հարցեր: Նաև որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը «կհաստատի Ադրբեջանը և կընդունի Հայաստանը»: Ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի խոսնակի հայտարարությունները:
Թուրքիան միշտ էլ իր նախապայմաններն ու պայմանները դրել է, և հերթական անգամ նա կրկնեց այդ նախապայմանները կամ դրանցից մի քանիսը: Եթե Հայաստանն ընդունի Թուրքիայի պահանջները, կարող է և իրենք որոշեն հարաբերություններ հաստատել: Բայց ո՞նց կարելի է այդ պահանջներն ընդունել, ես չեմ պատկերացնում: Եթե Էրդողանի խոսնակը խոսում է խաղաղության պայմանագրից, դա նշանակում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախը ճանաչի Ադրբեջանի անբաժանելի մաս:
Օրերս տեղի ունեցավ Պուտին Էրդողան հանդիպումը: Այս հանդիպումից ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, ի՞նչ հայանպաստ բան կարող ենք ստանալ:
Այն պաշտոնական հաղորդագրությունները, որ եղան հանդիպման արդյունքների հետ կապված, ես չտեսա որևէ դրական քայլ, դրական հայտարարություն, որը վկայեր, որ բանակցություններում այնպիսի հարցեր են քննարկվել, որոնք մեզ համար ինչ-որ դրական լուծումներ են ենթադրում: Ես կարծում եմ, որ հիմնականում այդ հանդիպման առանցքում Սիրիայում առկա խնդիրներն էին՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների հետ, C-400-ների, Թուրքիայում ատոմակայանի կառուցման հարցերի հետ: Ինչպես տեղեկացանք Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային համագործակցել տիեզերքից բնագավառում: Իսկ Արցախի խնդիրը, ես չեմ կարծում, որ լուրջ քննարկվել է: Հավանական է, որ նրանք սահմանափակվել են շատ կարճ ընդհանուր քննարկումով, որի արդյունքում էլ տեսանք Պեսկովի հայտարարությունը, թե ինչի մասին են խոսել և այդտեղ, անկեղծ ասած, ես ոչ մի իմաստալից բան չտեսա:
Պուտինը դրական ու արդյունավետ էր գնահատել Էրդողանի հետ հանդիպումը:
Դե, իրենց հարաբերությունների առումով նրանք կարողանում են այն հակասությունները, որ այդ երկրների միջև կան, որոշ չափով հարթել: Այդ առումով, այո, դրական են գնահատում: Ռուս-թուրքական հարաբերությունների առանձնահատկությունն այն է, որ ունեն բազմաթիվ հակասություններ, բայց կարողանում են դրանց գոնե մի մասը հարթել, քանի որ շահագրգռված են երկկողմ համագործակցության մեջ: Օրինակ, C-400-ների վաճառքի բնագավառում, ատոմային էներգետիկայի բնագավառում, ռազմական արդյունաբերության բնագավառում, առևտրում և այլն: Դրա համար էլ գնահատականն այդպիսին է, որ կան հակասություններ, բայց մենք կարողանում ենք դրանք հարթել:
Հայ-թուրքական հարաբերություններում այս փուլում մեծ բեկում պետք չի սպասե՞լ:
Ես չեմ կարող սպասել մեծ բեկում, որովհետև երկու կողմերի դիրքերը մնում են անփոփոխ: Հայաստանը կողմ էր, որ հարաբերությունները հաստատվեն առանց նախապայմանների, իսկ Թուրքիան շարունակում է պնդել իր նախապայմանները: Հիմա էլ ավելացրել է արդեն Մեղրիի միջանցքի նախապայմանը: Այնպես որ, երկու կողմերի դիրքորոշումները, չնայած օգնագործվում է բարենպաստ հռետորաբանություն, բայց իրականում երկու կողմերն էլ մնում են իրենց դիրքերի վրա, ինչը նշանակում է, որ փոխզիջում դժվար թե գտնվի:
1in.am