Շաբաթ՝ հոկտեմբերի 2-ին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ կրկնել էր իրանական կողմի վերջին օրերին արտահայտվող հիմնական միտքը. «Իրանը երբևէ չի հանդուժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու նրա սադրիչ գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին, ինչպես նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները»։

Սա բնականաբար հստակ ուղերձ էր Իլհամ Ալիևին և նրա վարչակազմին, որ Ադրբեջանն իր հայտարարություններով և հնարավոր գործողություններով կարող է հատել Իրանի կողմից սահմանված կարմիր գիծը։ 

«Հետք»-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանը հայտարարել էր, որ իրականում «սիոնիստական ռեժիմի» վերաբերյալ հայտարարությունները քողարկված ուղերձ են, և առաջին հերթին, Իրանը դրանով ոչ թե նկատի ունի Իսրայելին, այլ՝ առաջին հերթին Թուրքիային, որովհետև Թեհրանը չի ցանկանում բացահայտ հակամարտության մեջ մտնել Անկարայի հետ, և որպես թիրախ, ներկայացնում է իր վաղեմի ախոյանին։ 

Հոկտեմբերի 2-ի իր հայտարարության մեջ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ «Ղարաբաղի ազատագրումից հետո տեղի են ունեցել ցավալի իրադարձություններ… Իսրայելը փորձել է առավելագույնս օգտագործել այդ հնարավորությունը և Իրանի սահմաններին իր մոտեցման անհաջող փորձից հետո, իր ներկայությունն է հաստատել Ադրբեջանի մի քանի շրջաններում»,- նշել էր Աբդոլահյանը։

Վերջինիս խոսքերով՝ իրենք իրենց դիվանագիտական ալիքներով այդ մասին հայտնել են ադրբեջանական իշխանություններին։ 

Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը մեծ խառնաշփոթ էր առաջացրել Ադրբեջանում։ Որոշ լրատվամիջոցներ այն նույնիսկ անվանել էին «սենսացիոն»։ Եվ երկուշաբթի առավոտյան Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Լեյլա Աբդուլաևան պատասխանել է իրանական կողմին՝ Թեհրանին մեղադրելով նրանում, որ «Իրանը երկար տարիներ լռել է Ադրբեջանի տարածքների բռնազավթման մասով»։ Ադրբեջանակա կողմն անհիմն է որակում Թեհրանի հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանա-իրանական սահմանի մոտ կան երրորդ երկրի ուժեր։

«Այդ հայտարարությունները չունեն որևէ հիմնավորում։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տարածքում որևէ ուժերի, այդ թվում ահաբեկչական տարրերի առկայությունը, որոնք կարող էին սպառնալիք հանդիսանալ մեր պետությանը կամ հարևան երկրներին, չեն կարող լինել քննարկման առարկա»,- հայտարարել է Աբդուլաևան։

Ի պատասխան նրան, որ Իրանի համար անթույլատրելի են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները՝ Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանն առաջնորդվում է միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքով։

«Իրանի հետ մեր սահմանի շուրջ 130 կիլոմետրը գտնվել է Հայաստանի բռնազավթման տակ։ Ցավոք, երկար տարիների ընթացքում մենք չենք լսել այդ մասով կտրուկ արձագանք բարեկամական իրանական պետության կողմից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանն այս հայտարարությունն անում է այն ժամանակ, երբ արդեն հինգ ամիս է, ինչ ներխուժել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ 

Իր հայտարարության մեջ Ադրբեջանը չի թաքցնում այն հանգամանքը, որ Իրանը, լինելով մուսուլմանական պետություն, երբեմն չի աջակցում մուսուլմանական Ադրբեջանին։

«Ադրբեջանը շատ զգայուն է վերաբերում իսլամական համերաշխության հարցին և իր ակտիվ դիրքորոշումն առաջ տանում Իսլամական համագործակցության կազմակերպությունում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ «փոխհրաձգություն է» տեղի ունենում Ադրբեջանի և Իրանի ռազմաքաղաքական էլիտայի միջև՝ ամենաբարձր մակարդակով։ Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Նախիջևանի հետ սահմանի մոտ, հոկտեմբերի 1-ին մեկնարկել էին այդ երկրի ցամաքային զորքերի «Խայբարի նվաճողները» անունը կրող զորավարժությունները։ Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ զորավարժություններին կմասնակցեն զրահատանկային զորամասեր, հրետանի, անօդաչուներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև ուղղաթիռներ։ Ընդ որում, անօդաչուները կօգտագործվեն տեղանքի հետախուզման համար։

Այս զորավարժությունների փաստը դուր չէին եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, Իրանի նախորդ և ներկայիս զորավարժությունները եղել են «անսպասելի» և վերջին 30 տարվա ընթացքում կրել աննախադեպ բնույթ։

«Ինչո՞ւ հիմա։ Ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այդ հարցերը տալիս է ադրբեջանական հասարակությունը, ոչ թե ես»,- նշել էր Ալիևը։ Մինչ այդ, Ադրբեջանի նախագահն իր բողոքն էր հայտնել Արցախ իրանական բեռնատարների երթևեկության հետ կապված՝ հայտարարելով, որ դրանով Թեհրանը չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, անդրադառնալով Ալիևի հարցազրույցին, հայտարարել էր, որ Թեհրանը զարմացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից և իր սահմանների մոտ չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայություն։

«Այն դեպքում, երբ երկու երկրների հարաբերությունները լավ են և կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա ու երկու կողմերի միջև, ամենաբարձր մակարդակով, գոյություն ունեն կապի միջոցներ, արված այդ արտահայտությունները զարմանք են առաջացնում»,- նշել էր Հաթիբզադեն։ 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել էր, որ Ադրբեջանի սահմանի մոտ զինված ուժերի զորավարժությունները «կապված են ինքնիշխանության հարցի հետ և իրականացվում են ողջ տարածաշրջանում կայունության շահերից ելնելով»։

Ըստ նրա՝ Իրանը չի հանդուրժի սիոնիստական ուժերի առկայությանն իր սահմանների մոտ և այդ ուղղությամբ կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ գործողություն՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն