ՔԿ․ պատերազմում զոհվել է 3788 անձ, անհետ կորել 224 զինծառայող և 22 քաղաքացի
Քննչական կոմիտեում շարունակվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 2021 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանին է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
Hetq.am