Փաշինյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցած սկզբունքների վրա
Ղարաբաղյան հակամարտության վերջնական, համապարփակ եւ տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի հայտնի սկզբունքների վրա, որոնց աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին հոկտեմբերի 4-ին Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք բարձր ենք գնահատում Լիտվայի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում»,- հավելեց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ է ստացել:
«Մենք մտադիր ենք հասնել այս առանցքային նպատակին երկխոսության եւ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման միջոցով: Բայց ցավով պետք է ընդգծել, որ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ռազմագերիների վերադարձի խնդիրը, եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանությունները եւ ագրեսիվ հռետորաբանությունը շարունակում են սրել իրավիճակը եւ խոչընդոտել տարածաշրջանի ժողովուրդների կայուն խաղաղությանը»,- շեշտեց վարչապետը:
News.am