Քոչարյանը՝ Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու խոսակցությունների մասին
Հիմա պատրաստ չեմ այդ հարցին միանշանակ պատասխանել։ Պետք է հասկանանք, թե մեր անկախությունն ինչքանով է վտանգված հիմա և ինչ հեռանկար կա։ Վերլուծության կարիք կա, միգուցե մասնագետների հետ մի կլոր սեղան կանենք և կփորձենք այս հարցի պատասխանները փնտրել։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու հնարավորության վերաբերյալ լրագրողների դիտարկումներին։
Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ իր պաշտոնավարման տարիներին իր օրակարգում չի եղել որևէ միավորման մեջ լինելու կամ միութենական պետություն ստեղծելու հարց, բայց այսօր դժվարանում է պատասխանել այդ հարցին։
«Զուտ անվտանգության տեսանկյունից իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք։ Ըստ էության, ՀԱՊԿ-ը մեզ ոչ միայն չպաշտպանեց, այլ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների հետ ունի ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանը։ Իմ պաշտոնավարման ընթացքում, երբ ձևավորվում էր Ռուսաստան-Բելառուս միությունը, դա իմ օրակարգի հարցը չէր։ Այն, ինչ տեսնում եմ հիմա, իմ մոտ հարցեր է առաջացնում՝ իրոք մենք այս տեմպերով բավարար պետականաշինության ռեսուրս ունե՞նք Հայաստանում»,- ասաց Քոչարյանը։
Hraparak.am