ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ բոլոր կապուղիները կվերականգնի հոկտեմբերի 4-ին
Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 4-ին Հարավային Կորեայի հետ բոլոր կապուղիները կվերականգնի այդ նույն օրն ավելի ուշ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Կորեայի Աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական խորհրդի նախագահ, հարգելի ընկեր Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդավական խորհրդի (ԳԺԽ) տասնչորսերորդ գումարման 5-րդ նստաշրջանում ունեցած պատմական քաղաքական ճառում կամք է արտահայտել՝ վերականգնելու ընդհատված հաղորդակցության ուղիները Հյուսիսի և Հարավի միջև՝ ողջ ազգի սպասումների և ակնկալիքների իրականացման համար գործադրվող ջանքերի շրջանակում, ազգ, որը ցանկանում Է արագորեն վերականգնել ընթացիկ միջկորեական հարաբերությունները և խաղաղություն հաստատել Կորեական թերակղզում»,-ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ:
«Աջակցելով հարգելի ընկեր Կիմ Չեն Ընի մտահղացումներին՝ համապատասխան մարմինները որոշել են Հյուսիսի և Հարավի միջև հաղորդակցության բոլոր ուղիները վերականգնել հոկտեմբերի 4-ին ժամը 9-ից (Երևանի ժամանակով 04:00-ից), հաղորդել է գործակալությունը: Փհենյանը Սեուլին կոչ է արել՝ «ակտիվ» ջանքեր գործադրել միջկորեական հարաբերությունները հարկավոր հուն վերադարձնելու նպատակով:
Սեպտեմբերի 29-ին հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընը ԳԺԽ-ի նստաշրջանում հայտարարել է, որ երկու Կորեաների միջև կապուղիները կվերականգնվեն հոկտեմբերի սկզբին: «Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ անդրսահմանային կապուղիները կվերականգնվեն հոկտեմբերի սկզբին՝ հարաբերությունների բարելավման և Կորեական թերակղզում մշտական խաղաղության ուղղությամբ գործադրող ջանքերի շրջանակներում»,-նշում է ԿԿՀԳ-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: