Հայտնի է դարձել, որ Հայաստանի ՊՆ-ում մեկնարկած 2021 թվականի կառուցվածքային փոփոխությունների ծրագրի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերում նոր ստորաբաժանում է ստեղծվելու՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ստորաբաժանում։ Նմանատիպ ստորաբաժանում է գործում նաև ԱՄՆ և այլ զարգացած երկրների զինված ուժերում։

Այդ ստորաբաժանման հիմնական խնդիրները դրվել են՝ հաշվի առնելով երկրին սպառնացող վտանգները և 44-օրյա պատերազմի փորձը։

Այս առնչությամբ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դրա անհրաժեշտությունն իրոք կա, քանի որ արդեն ակնհայտ է, որ ԱԹՍ-ների դեմ պայքարը պետք է առանձին մի մասնագիտացված մարմին համակարգի. «Բայց այստեղ առաջնայինը ոչ թե այդ վարչական մարմնի ստեղծումն է, այլ նրա տեխնիկական հագեցվածությունը: Մենք կարող ենք 6 բաժին ստեղծել, անունը դնել գլխավոր վարչություն, բայց եթե նա իր տակ տեխնիկական հագեցվածություն չունեցավ, անիմաստ է դառնում այդ մարմինը: Իսկ տեխնիկական հագեցվածությունը կախված է բավականին թանկարժեք տեխնիկայի հետ: Եթե կարողանանք այդ տեխնիկան ձեռք բերել, փառք ու պատիվ մեզ, չենք կարողանա՝ ուրեմն այդ մարմինն իրենով, որքան էլ եռանդուն լինի, չի կարողանա էական արդյունք ցույց տալ»:

Հարցին, թե Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությանն ուղղված բավարար աշխատանք տարվո՞ւմ է, նա պատասխանեց. «Ես առանձնապես լավատես չեմ և չեմ կարծում, որ առանձնապես լայն աշխատանք է տարվում: ԱԹՍ-ները շատ տարբեր մակարդակի են. հարսանիք նկարելու փոքրիկ սարքն էլ է ԱԹՍ: Բնական է, որ դրանից ավելի բարդ ԱԹՍ-ներ Հայաստանը կարող է արտադրել: Խնդիրն այն է, որ դու ունենաս մի քանի կմ-ից կառավարվող հարվածային կամ հետախուզական ԱԹՍ-ներ, ինչը բարդ խնդիր է և ամեն մեկը չի կարող դա անել: Եթ որևէ պետություն ասում է՝ ես ԱԹՍ եմ արտադրում, դա ինքնին ոչինչ չի նշանակում, որովհետև հարցն այն է, թե ինչ տեսակի և ինչ որակի ԱԹՍ ես արտադրում:

Այս պահին ԱԹՍ-ները երեք մեծ խմբի են բաժանվում. Հետախուզական, հարվածային և ինքնասպան: Ամենաբարդը, ըստ էության, հարվածային է, որովհետև այն մինի կործանիչի կամ ռմբակոծիչի դեր է կատարում: Օրինակ, «Բայրաքթարները» հենց հարվածային ԱԹՍ-ներ են: Հետախուզականը ևս մի քանի խմբի է բաժանվում, ասենք, խորքային հետախուզական: Օրինակ, ԱՄՆ-ն ԱԹՍ ուն, որը կարող է Իրանի վրայով ծայրից ծայր թռչի, հետախուզի:

Մենք դա չունենք, մենք ունեն ԱԹՍ, որը կգնա հակառակորդի խրամատից մի կմ խորը կդիտի, հետ կգա: Ամենապարզունակ ԱԹՍ-ն ինքնասպան ԱԹՍ-ներն են, որն ուղղակի ընկնում է ինչ-որ տարածքի վրա: Մենք այս առումով ամենաթույլ վիճակում ենք»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՊՆ-ում այդ նոր ստորաբաժանման համար համապատասխան ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակի ձեռքբերումը նախատեսված է այս տարվա վերջին, ռազմական փորձագետն ասաց. «Ես ենթադրում եմ՝ խոսքը ռուսական «Կրասուխա»-ի և նմանատիպ սարքերի մասին է, որոնք մերոնք ստանալու են: Թող ստանան, ես միայն ուրախ կլինեմ, թեև այդ ռուսական տեխնիկան էլ լուրջ խնդիր ունի արևմտյան տիպի տեխնիկային հակադարձելուց: Բայց բնականաբար, իրեն չպետք է թերագնահատել և պետք է այն ունենալ: Չես կարող ասել՝ միանշանակ լավն է արևմտյանից, բայց կարող ես ասել, որ շատ չի զիջում: Ասենք՝ ինչպես «Մերսեդեսն» ու «Պեժոն»:

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն