ՌԴ արտգործնախարարի հետ բանակցության համար Մոսկվա ժամանած Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, թե Իրանը ակնկալում է, որ Ռուսաստանը կարձագանքի և ընկալունակ կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ։ Իրանը վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարել է սահմանների անձեռնմխելիության մասին, այդ մասին խոսելով ռեգիոնալ մասշտաբով:

Հայաստանում դա շատերին հիմք է տվել խոսել կամ եզրակացնել, որ Իրանն այդպիսով անդրադառնում է Հայաստանի սահմաններին և դրանց հանդեպ թուրք-ադրբեջանական «միջանցքային» հավակնությանը: Եզրակացություններում արտահայտվում է միտք, թե Իրանն ունի Հայաստանով «միջանցք» բացելու համար թուրք-ադրբեջանական հարձակման մտավախություն և այդ պատճառով զորք է կուտակել սահմանին, զորավարժություն է անում և խոսում սահմանների անփոփոխության մասին, հայտարարելով, որ դա իր համար կարմիր գիծն է:

Հայաստանում անթաքույց ոգևորություն է առաջացրել այդ միտքը, որ Իրանը ելել է մեզ պաշտպանելու: Իրականում, ոգևորությանը զուգահեռ, եթե ոչ դրա փոխարեն, պետք է առաջանա հարց, ուղղված Հայաստանի կառավարությանը, արտաքին գործերի նախարարին, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Մասնավորապես, հարցը պետք է լինի հետևյալը՝ Իրանը Հայաստանին հաղորդե՞լ է հավաստի տեղեկություն Հայաստանով «միջանցք» բացելու նպատակով թուրք-ադրբեջանական հնարավոր գրոհի վերաբերյալ: Կամ, Հայաստանն ընդհանրապես տիրապետում է այդպիսի տեղեկության: Խոսքը իհարկե էքզիստենցիալ վտանգի մասին չէ:

Անկասկած է, որ Հայաստանը միշտ պետք է սպասի այդպիսի ագրեսիա, դիտարկի դրա հավանականությունն ու շարունակաբար ավելի ու ավելի պատրաստ լինի այդպիսի վտանգներ դիմագրավելուն: Բայց, խոսքը տվյալ պարագայում հստակ տեղեկատվության մասին է, որ կա այդպիսի գրոհի մտադրություն, պատրաստություն: Ի վերջո պետք է հասկանալ, թե ինչ մտահոգություն է բարձրաձայնում Իրանը, որքանով է այդ մտահոգությունը զուտ քաղաքական՝ կապված Մինսկի խմբի համանախագահության ներքո ռեգիոնալ գործընթաց վերսկսելու հեռանկարի և այդ գործընթացից դուրս մնալու իրանյան մտավախության հետ, և որքանով է այն իրական ռազմական: Հայաստանի համար այդ տարբերությունները ենթադրում են գործողությունների էապես տարբեր տրամաբանություն:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն