«Հրապարակ». 30 տարի շարունակ պետությունը միջոցներ է ծախսել, կադրեր պատրաստել, որոնք այսօր անգործ են, իսկ անփորձ ու անկիրթ մարդիկ հայտնվել են պատասխանատու պաշտոնների և ավերածություններ են անում
«Այս իշխանությունների կադրային բանկը խիստ սուղ է, ու նաեւ դրանով է բացատրվում ձախողումների մի մասը: Պրոֆեսիոնալ կադրեր գտնելը, առհասարակ, երբեք Հայաստանում հեշտ չի եղել: Սակայն երբ դու փնտրտուքի շրջանակը նեղացնում ես եւ բարդ նախապայմաններ դնում, կադրեր գտնելը կրկնակի բարդանում է: Իսկ իշխանությունը որպես գլխավոր նախապայման է դնում իրեն նվիրվածությունը, վերջերս մի պաշտոնյա ուղիղ տեքստով շարադրեց դա` «Նիկոլ Փաշինյանին չպետք է հայհոյած լինի», ինչը, մանավանդ պատերազմից հետո, բավականին բարդ նախապայման է: Այս եւ նմանօրինակ մյուս նախապայմանները ստիպում են փոխել եւ հեշտացնել պրոֆեսիոնալիզմին ուղղված պահանջները: Որովհետեւ պրոֆեսիոնալ կադրերը, որպես կանոն, նաեւ քաղաքացիական կեցվածք են ունենում, սեփական տեսակետ, ու չի բացառվում, որ 3 տարվա ընթացքում մի գրառման մեջ կարող է նաեւ իշխանությունների «աչքի վերեւը հոնք» տեսած լինեն:
Արդյունքում ստացվում է, որ 30 տարի շարունակ պետությունը փող եւ միջոցներ է ծախսել, կադրեր պատրաստել, որոնք այսօր դատապարտված են անգործության, իսկ անփորձ ու անկիրթ մեծ թվով մարդիկ հայտնվել են տարբեր պատասխանատու պաշտոնների եւ ավերածություններ են անում: Ինչո՞վ, ասենք, ավերածություն չէ Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Լիլիթ Մակունցին` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելը:
Ո՞վ կարող է հաշվել, թե մեր պետությունն ինչքան վնաս կրեց այս երեք տարում Արմեն Գրիգորյանի գործունեության պատճառով, եւ այսօր ամերիկահայ համայնքն ինչ վնասներ է կրում Մակունցի նշանակվելով: Այն ներհամայնքային պառակտումն ու դժգոհությունները, որ առաջացրել է նրա նշանակումը, ինչո՞վ են փոխհատուցվելու: Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները նման նշանակումներ անելուց առաջ չեն մտածում այս մասին»,-գրում է թերթը։
Tert.am