Կասկածում եմ, որ «Հայաստան» դաշինքում բոլորն են տենչում Քոչարյանի վերադարձը
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը
Պարոն Աթանեսյան, նախօրեին Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է տվել, որտեղ անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ նշելով, որ Արցախի նախագահականի շենքում ամբողջ պատերազմի ժամանակ եղել են մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը։ Ում է ակնարկում Քոչարյանը և որքանով իրականության հետ կարող են աղերս ունենալ նրա ասածները։
Որքան հիշում եմ՝ առաջին պատերազմի երկու տարիներին Ադրբեջանը Ստեփանակերտի կենտրոնը նույնպես հատուկ չի թիրախավորել՝ ՊՊԿ-ի, ԳԽ նստավայրը: Այն ժամանակ ու՞մ էր խնայում՝ հետաքրքիր է: Իսկ եթե լուրջ՝ ապա պիտի ասեմ, որ մի կողմից պնդում են, որ պատերազմի օրերին «դավադրությունը նյութվել է ՊԲ հրամանատարական կետում» կամ այսպես ասած «բունկերում» և հաջորդ պահին էլ նախագահի նստավա՞յրը համարում «դավաճանների որջ»: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Անգամ պաշտոնաթող նախագահի խոսքը պիտի ծանրակշիռ, փաստարկված, հիմնավոր և կայուն լինի: Թե չէ պարոն Քոչարյանը նույն «երևույթի» մասին նախկինում բոլորովին այլ բան է ասել: Եթե պահոցներից հանեք՝ կհամոզվեք, որ առաջին անգամ 300 մետր շառավղով «ապահովության գոտու» մասին խոսք չկա: Հիմա ի՞նչ է փոխվել:
Քոչարյանը խոսում է պլանավորված պարտության մասին և այն մասին, որ զինվորականները պետք է խոսեն կատարվածի մասին։ Ձեր դիտարկումները այս գանահատականի վերաբերյալ։
Երևի առաջիններից մեկն եմ ֆեյսբուքյան գրառմամբ հարց բարձրացրել, թե, օրինակ, ո՞վ է նշանակված եղել Շուշիի պաշտպանության պատասխանատու, բերդաքաղաքի կայազորի պետ: Պատասխան չեմ ստացել: Բայց մասնավոր մարդու և քաղաքական -պետական գործչի ընկալումները չպետք է նույնական լինեն: Պարոն Քոչարյանը, մասնավորապես, ասում է, թե Վիտալի Բալասանյանը խնդրել է իրեն նշանակել ուղղության հրամանատար, բայց մերժում ստացել: Կա՞ գեներալ -մայոր Վիտալի Բալասանյանի զեկուցագիրը: Ու՞մ է հղվել, ո՞վ է մերժել, ի՞նչ պատճառաբանությամբ: Այս և նման հարցերը լուրջ քննության են արժանի: Հիմա մի զինվորական մի բան է ասում, երկրորդը՝ բոլորովին այլ: Մի հարցում ես երկրորդ նախագահի հետ լիովին համաձայն եմ՝ կենտրոնացված, համակարգված՝ «պատերազմում՝ ինչպես պատերազմում» սկզբունքով կառավարում չի եղել: Սա նույնիսկ աշխարհազորայիններն են փաստում: Իսկ թե դա «կազմակերպված» է եղել կամ ոչ կոմպետենտության հետևանք էր՝ ես չեմ կարող գնահատել: Ոչ զինվորական եմ, ոչ պետական պաշտոնյա:
Քոչարյանն ասում է. «Դու բոլոր լծակներդ տվել ես Ադրբեջանին, որոնցով ինքը քեզ կարող է խաղացնել: Ծնկների վրա բանակցելն ուղղակի հարմար չէ, չոքած ուղղակի հոգնում է մարդ, չի ստացվելու։ Եվ հատկապես դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ, չի ստացվելու»։ Ինչպե՞ս եք գնահատում, և ինչ դիրքերից է հանդես գալիս Հայաստանը այս հանդիպումներին։
Դարձյալ պիտի տրամաբանական հակասություն նկատել տամ: Երկրորդ նախագահն ասում է, որ պատերազմում են ոչ թե բանակները, այլ՝ պետությունները: Միանգամայն ճիշտ դիտարկում է, որից հետևում է՝ ոչ թե Նիկոլ Փաշինյան անձն է պարտվել, այլ՝ հայկական (Հայաստան-Արցախ) պետությունը: Այս տրամաբանությամբ՝ ի՞նչ տարբերություն, թե Ալիևի հետ ով է բանակցում: Միևնույն է, հետպատերազմյան իրողությունների բերումով նա լինելու է ձախողված պետության առաջնորդ: Իսկ ո՞րն է այդ պետության ձախողման բուն պատճառը: Ըստ իս, դա քսան-քսաներեք տարի կուլտիվացված այն միֆն է, որ մենք հաղթական երկիր և ժողովուրդ ենք, Ադրբեջանը «ծալած, տակներս դրած ունենք»: Նիկոլ Փաշինյան քաղաքական ֆիգուրան այդ կուլտիվացիայի ծնունդն է: Այդ միֆն է պարտվել: Իսկ թե ով ինչ վաստակ է բերել միֆի կուլտիվացմանը՝ թող պատասխան տա նախ սեփական խղճի, ապա՝ հայ ժողովրդի և վերջում՝ պատմական ճշմարտության առջև:
Պարոն Աթանեսյան, Քոչարյանը ակտիվանում է, սկսում պայքար, սակայն չգիտի՝ ինչ անել, խորհուրդ է հարցնում։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում նրա ակտիվացումը։ Փաստացի իրեն ընդդիմություն հռչակած թիմի առաջնորդը չգիտի անելիքները։ Սա ինչի մասին է խոսում։
Նախ, երկրորդ նախագահը հազիվ թե ընդդիմության առաջնորդ է: Ես նույնիսկ կասկածում եմ՝ «Հայաստան» դաշինքում բոլո՞րն են տենչում իշխանության նրա վերադարձը: Ինչ վերաբերում է անելիքի մասին խորհուրդ հարցնելուն, ապա դա միայն ողջունել կարելի է: Հայաստանն, իրոք, լրջագույն փորձության փուլում է, այնպիսի փորձության, որի օպտիմալ, հնարավորինս ոչ ավելի ցավոտ հաղթահարումը վեր է մի կուսակցության, քաղաքական թիմի ուժերից: Սա դաժան իրողություն է, և Փաշինյանի հրաժարականը պահանջող կամ նրա հեռացումը ծրագրավորող յուրաքանչյուր ոք պարտավոր է ողջախոհության, կոմպետենտության և վճռականության «թեստ հանձնել»: Առանց լայնաֆորմատ խորհրդատվությունների դա անհնար է: Երկրորդ նախագահը պատրա՞ստ է անցնել «քավարանով»: Գուցե «խորհուրդ հարցնելու» նրա խոսքը պիտի քաղաքական ենթատեքստո՞վ հասկանալ: Վստահ չեմ, բայց նրա հետընտրական խոսքի այդ նրբերանգը, կարծում եմ, պետք է լուրջ դիտարկվի:
1in.am