Ուսուցիչներին նվիրված տոնը` Ուսուցչի օրը, նշվում է ամեն տարի՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից սկսած, ավելի քան 100 երկրում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Եվ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս բոլոր դպրոցներում ցերեկույթ-միջոցառումներ անցկացվեցին, չուշացավ նաեւ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի կապակցությամբ, որում Վ․ Դումանյանը մասնավորապես նշել է․ «Սիրելի՛ մանկավարժներ, ուզում եմ վստահ լինեք, որ պետությունը ձեր կողքին է, ձեր աջակիցն է, եւ ընթացիկ բարեփոխումները միտված են բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու միջավայրը՝ ձեզ արժանի գնահատանքով»։ Ինչ խոսք, լավ կլիներ, որ պետությունն ուսուցչին արժանի գնահատեր ոչ միայն ուղերձների միջոցով՝ տարին մեկ անգամ, այլ նաեւ ավելի շոշափելի ձեւով։ 

Նախարար Դումանյանն իր խոսքում նաեւ նշել է, որ այլեւս «նորովի ենք արժեւորում ուսուցչի դերը հասարակության մեջ, նրա կատարած աշխատանքի կարեւորությունը բոլոր ասպարեզներում»։ Թե որքանով է այսօր արժեւորված ուսուցչի դերը եւ խրախուսված նրա աշխատանքը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ հիմնականում խոսքի մակարդակում եւ տոնից տոն․ «Մենք հիմնականում ուսուցիչներին հիշում ենք հոկտեմբերի 5-ին, սեպտեմբերի 1-ին եւ վերջին զանգի օրը, մյուս օրերին, ցավոք, որեւէ ուշադրություն չկա։ Ուսուցիչները նյութական եւ ոչ նյութական առումով շարունակում են մնալ մեր հասարակության ամենաչգնահատված խավը, եւ դա շատ վատ է, որովհետեւ դրա դիմաց մեր հասարակությունը շատ բարձր գին է վճարում, քանի որ բոլոր մարդիկ, անկախ իրենց մասնագիտությունից, ուսուցիչների մոտ են սովորում։ Հետեւաբար, եթե դու ուսուցիչներին լավ չես նայում, ըստ էության, քեզ զրկում ես նաեւ նրանից, որ իրենք էլ աշակերտներին լավ նայեն»։

Լինելով պետական համակարգի մաս՝ այնուամենայնիվ, ուսուցիչներն ու դպրոցները գրեթե միշտ դուրս են մնում պարգեւատրումների ցանկից։ «Հիմա կրթության ոլորտում աշխատում են մեծ թվով մարդիկ՝ 40 հազարից ավելի մարդ, հատկապես եթե դպրոցներին գումարենք նաեւ մանկապարտեզները, բայց անկախության տոնին պարգեւատրվեց ընդամենը 2 մանկավարժ, օրինակ՝ զինվորականները, բժիշկները, մյուս ոլորտի մասնագետներն ավելի շատ են պարգեւատրվում, դա էլ է անարդար, գոնե այդ ցածր աշխատավարձը նման վերաբերմունքով փոխհատուցվի»։   

Ուսուցիչների աշխատավարձը մեր երկրում ամենացածրներից է, մինչդեռ կորոնավիրուսային հիվանդության ընթացքում նրանք բավականին լրացուցիչ աշխատանք կատարեցին եւ նույնիսկ տեւական ժամանակ շաբաթը 6 օր էին աշխատում, բայցեւայնպես, «նույնիսկ փոքր հավելավճար ուսուցչին տալու համար ասում են՝ պետք է անպայման քննություն հանձնես։ Այսինքն՝ առանց քննության հավելավճար չես կարող ստանալ, բայց, օրինակ, մյուս ոլորտներում այդպես չէ, մարդիկ հավելավճար էլ են ստանում, պարգեւավճար էլ ու՝ առանց քննության, բայց, չգիտես ինչու, կրթության ոլորտում մարդկանցից պահանջում են ինչ-որ մի բան անել, որպեսզի նոր ինչ-որ ձեւով խրախուսվես»։

Թե նախարարության որդեգրած բարեփոխումները որքանով են միտված ուսուցիչների աշխատանքային գործունեությունը բարելավելուն, կրթության փորձագետն ասում է․ «Բարեփոխումների ընդհանուր ռազմավարություն չկա, իսկ ինչ էլ որ կա, ուսուցչի դերն ավելի է մեծացնում, օրինակ՝ նոր չափորոշիչներով ուսուցիչները պետք է ավելի բարդ աշխատանք կատարեն, որովհետեւ թվանշանը հանվում է մինչեւ 5-րդ դասարան, դրանից բարձր բացասական թվանշանն է հանվում։ Սա նշանակում է, որ ուսուցիչը պետք է ավելի լավ աշխատի, որովհետեւ առանց թվանշանի կամ բացասական թվանշանի շատ ավելի բարդանում է ուսուցչի աշխատանքը։ Կամ հիմա ասում են՝ նախագծեր պետք է անեք դպրոցներում, նաեւ դասընթացներ մշակեք, որպեսզի կրեդիտ ստանաք։ Այսինքն՝ դա, ըստ էության, դասախոսի աշխատանք է ենթադրում, ուսուցիչը պետք է դասընթաց մշակի»։ Ս․ Խաչատրյանը հավելում է, որ նոր բարեփոխումներն ուսուցչի վրա բավականին մեծ բեռ են դնում, արդյունքում ուսուցչի աշխատանքն ավելի է ծանրանում, ավելի պատասխանատու դառնում։

«Այդ ամեն ինչին զուգընթաց պետք է մտածել նաեւ ֆինանսական բարելավման մասին, ուսուցիչների բեռնվածությունը նվազեցնել, հաշվի առնել, որ այդ ցածր աշխատավարձը, ամեն դեպքում, իր գինն ունի, որովհետեւ երբ դու ուսուցիչներին ցածր ես վճարում, իրենք ստիպված են գտնել այլ աշխատանք՝ լրացուցիչ պարապմունքներ, եւ այդ ժամանակ ինքն ավելի շատ է հոգնում։ Եվ մենք նույնիսկ այսօր ունենք ուսուցիչներ, որոնց համար դասավանդելը 2-րդ աշխատանքն է, որովհետեւ իրենց եկամուտն ավելի բարձր է այլ կարգի աշխատանքներից, իսկ դա շատ վատ է, երբ դու ուսուցիչ ես, բայց գիտես, որ քո հիմնական եկամուտն ուրիշ գործունեությունից է, ոչ թե բուն դպրոցում դասավանդելուց»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն