«Հրապարակ». Դեսպանը կաշվից դուրս է գալիս, որ Փաշինյանի մոսկովյան այցը չձախողվի
Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ակտիվ քայլեր է իրականացնում վարչապետին հավուր պատշաճի դիմավորելու համար։
ՌԴ հայ համայնքից երեկ տեղեկացանք, որ Տողանյանն անձամբ զանգում եւ խնդրում է, մասնավորապես, մոսկվաբնակ հայ գործարարներին, ՌԴ-ում ազդեցիկ հայազգի մարդկանց՝ համաձայնել ներկա գտնվելու Փաշինյանի` հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպմանը։
Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոխել դեսպան Տողանյանին` նրա փոխարեն նշանակելով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, սակայն փաստ է, որ Տողանյանը, չնայած նախկինների կողմից էր նշանակվել այս պաշտոնին` 2017 թվականի մարտի 10-ին, բայց Հայաստան-Ռուսաստան այս բարդ հարաբերությունների շրջանում բավականին նրբորեն է կատարել իր պարտականությունները` հարթելով որոշ սուր անկյուններ եւ հնարավորն անելով, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի չսրվեն: Հիմա էլ, փաստորեն, կաշվից դուրս է գալիս, որ Փաշինյանի մոսկովյան այցը չձախողվի: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում, թեեւ կոնկրետ օրվա մասին դեռ տեղեկատվություն չկա։
Hraparak.am