Հարցում. Բայդենի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է հասել
Ամերիկացիների կողմից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության հավանության վարկանիշն ամենացածր մակարդակի է հասել նրա ամբողջ պաշտոնավարման ընթացքում: Այս մասին են վկայում չորեքշաբթի հրապարակված ԱՄ -ի Քվինիպի համալսարանի անցկացրած հարցման տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
Հետազոտության արդյունքների համաձայն` ամերիկացիների 53 տոկոսը բացասական է գնահատում Բայդենի աշխատանքը եւ միայն 38 տոկոսը՝ դրական: Երեք շաբաթ առաջ նույն համալսարանի անցկացրած նախորդ հարցման ժամանակ 42 տոկոսը Բայդենին դրական էր գնահատել, իսկ 50 տոկոսը` բացասական: Այդպես, Ամերիկայի նախագահի պոպուլյարության նվազման միտում է նկատվում:
Բայդենի գործունեությունը գնահատելիս շատ ուժեղ է կախվածությունը քաղաքական հայացքներից: Հանրապետականների շրջանում հարցվածների 94 տոկոսը բացասական է գնահատել նրա գործունեությունը, իսկ դեմոկրատների շրջանում` ընդամենը 10 տոկոսը: Այնուամենայնիվ, նրանց շարքում, ով այս կամ այն կուսակցության համակիր չէ, նախագահի աջակցության վարկանիշը ցածր է նույնիսկ միջինից երկրում: Հարցվածների այս կատեգորիայում 60 տոկոսը բացասաբար է գնահատում Սպիտակ տան ղեկավարի ջանքերը, իսկ միայն 32 տոկոսը` դրական:
Ամերիկացիները հատկապես դժգոհ են ներգաղթյալների մասով նախագահի վարած քաղաքականությունից եւ Միացյալ Նահանգների հարավային սահմանին տիրող իրավիճակից, որը հազարավոր լատինաամերիկացիներ փորձում են անցնել: Նախագահի գործունեությունն այս ոլորտում բացասական է գնահատվում 67 տոկոսի կողմից եւ միայն 23 տոկոսի կողմից` դրական:
Հարցվածների միայն 28 տոկոսն է աջակցություն հայտնել Բայդենի` Աֆղանստանի մասով քաղաքականությանը: 50 տոկոսը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է թողներ երկրում դրան աջակցող որոշակի ուժեր, 15 տոկոսը կարծում է, որ զինվորականներն ընդհանրապես չպետք է դուրս բերվեին: Ամերիկացիների 72 տոկոսն այս կամ այն չափով դժգոհ է տնտեսության վիճակից:
Հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի 1326 բնակիչ ամբողջ երկրում: Այն անցկացվել է հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 4-ը, վիճակագրական սխալը կազմում է 2.7 տոկոս:
News.am