Պաշտոնական. 2020-ին պաշտոնյաներին 22 մլրդ դրամի չափով պարգեւավճար է հատկացվել
Հայաստանում պաշտոնյաներին պարգեւավճարներ են հատկացվում այն բանից հետո, երբ պետական ոլորտում աշխատավարձերը համեմատելի են մասնավորի հետ: Այս մասին ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Այսպես, նրա խոսքով՝ տվյալ պահին պետական ոլորտում միջին ամսական եկամուտը՝ հաշվի առնելով պարգեւավճարները, կազմում է ամսական 360 հազար դրամ: Ընդ որում, հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է 200 հազար դրամից քիչ, այսինքն՝ հարկերը հաշվի առնելով՝ 150 հազար դրամից քիչ:
«Մինչեւ 2019 թվականը պետական ապարատում եղել են տարբեր աշխատավարձեր, եւ յուրաքանչյուր գերատեսչությունում եղել է իր աշխատավարձի չափը: Օրինակ, ֆինանսների նախարարությունում «Պետական բյուջեի մասին» օրենքով հատկացվել է առանձին պարգեւատրման չափ: Գերատեսչություններ են եղել, որ պարգեւավճարներ են հատկացրել արտաբյուջետային հիմնադրամներից »,-ասաց Ջանջուղազյանը:
Մյուս կողմից, ինչպես նշեց նախարարի պաշտոնակատարը, եղել են գերատեսչություններ, որտեղ ոչ մի պրեմիալ ֆոնդ չի եղել:
Նա նշեց, որ առաջարկվել է բոլոր գերատեսչությունների համար պարգեւավճարների միասնական համակարգ ստեղծել:
Ջանջուղազյանը կարծում է, որ պետական ոլորտում աշխատավարձերը պետք է համեմատելի լինեն մասնավոր ոլորտում աշխատավարձերի հետ:
Նա նաեւ հայտնեց, որ 2020-ին պետական ոլորտում ծրագրվում էր ներգրավել 19709 աշխատակցի: Աշխատավարձերի և պարգեւավճարների վճարման համար ծրագրվում էր հատկացնել 87,4 մլրդ դրամ, որից 65 մլրդ 458 մլն դրամը վճարվել է որպես աշխատավարձ եւ պարգեւավճար:
Պարգեւավճարները կազմել են 15 մլրդ 477 մլն դրամ: Դատական, պետական եւ քաղաքացիական ծառայության աշխատակիցներին վճարվել է 3 մլրդ 928 մլն դրամ որպես պարգեւավճար: Հարկային եւ մաքսային ծառայության աշխատակիցներին՝ 2 մլրդ 548 մլն դրամ: Այդպիսով, 2020-ին պաշտոնյաներին 22 մլրդ դրամի չափով պարգեւավճար է հատկացվել:
Նյութը՝ News.am