ՆԱՏՕ -ն ռուս ութ դիվանագետների է մտադիր վտարել և նախատեսում է կիսով չափ կրճատել արևմտյան դաշինքում Ռուսաստանի դիտորդական առաքելության ծավալը ՝ ի պատասխան Եվրոպայում ռուսական լրտեսության ենթադրյալ չարամիտ գործողությունների, որոնք ներառում են սպանություններ, մահափորձեր և պայթյուններ, ասում են եվրոպացի պաշտոնյաները:

Դիվանագետներին տեղեկացրել են, որ Բրյուսելից պետք է հեռանան մինչև այս ամսվա վերջ: ՆԱՏՕ -ի կենտրոնակայանում ներկա պահին թափուր մնացած երկու ռուսաստանյան դիվանագիտական տեղերի մուտքը չի թույլատրվի:

Ռուս ութ դիվանագետներին իրենց հավատարմագրերից զրկելու մասին լուրը, ինչի մասին առաջինը հայտնել է բրիտանական Sky News- ը, արագորեն դատապարտվել է ռուս օրենսդիրների կողմից: Օրենսդիրներն ասել են, որ Կրեմլը հանդես կգա պատասխան քայլերով, ինչը սակայն անպայմանորեն չի նշանակում Ռուսաստանից արեւմտյան դիվանագետների վտարում:

Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ -ի մի պաշտոնյա ասել է. ‘’Մենք կրճատել ենք ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դաշնությանը տրված 20 տեղերը, դրանք հասցնելով 10-ի’’: Նշված պաշտոնյան ռուս այդ դիվանագետներին որակել է որպես ‘’Ռուսաստանի հետախուզության չհայտարարված սպաներ’’:

«Մենք ուժեղացրել ենք մեր պաշտպանությունը ՝ ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների: Սակայն մենք շարունակում ենք բաց մնալ բովանդակալից երկխոսության համար», – ավելացրել է նա:

Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ -ի կողմից իրավականացված այս գործողությունը հաջորդեց Վաշինգտոնում մեկ օր առաջ տեղի ունեցած իրադարձություններին, երբ դեմոկրատ և հանրապետական սենատորները ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հորդորեցին ԱՄՆ-ից հեռացնել ռուս 300 դիվանագետների, եթե Մոսկվան հրաժարվի ԱՄՆ-ին ավելի մեծ թվով վիզաներ տրամադրել Ռուսաստանում ԱՄՆ-ը ներկայացնելու համար: Ամերիկացի միայն հարյուր դիվանագետներ են այսօր աշխատում Ռուսաստանում, երբ ԱՄՆ-ում գտնվող ռուս դիվանագետների թիվը հասնում է 400-ի, ասում են սենատորները:

«Դիվանագիտական ներկայացուցչության այս անհամաչափությունն անընդունելի է: Ըստ այդմ, Ռուսաստանը պետք է բավականաչափ վիզաներ տրամադրի ՝ Ռուսաստանում ծառայող ամերիկացի դիվանագետների և Միացյալ Նահանգներում ծառայող ռուս դիվանագետների թվի միջև հավասարության հասնելու համար », – գրել են սենատորները Բայդենին ուղղված նամակում:

ՆԱՏՕ -ի անդամ բոլոր 30 երկրները հավանություն են տվել Ռուսաստանի դիտորդական առաքելության կազմը կիսով չափ կրճատելու որոշմանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ ՆԱՏՕ -ն վտարում է դաշինքի կենտրոնակայանում տեղակայված ռուս դիվանագետներին:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն մեղադրել է ՆԱՏՕ -ին ‘’հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու լինելու մեջ’’:

«ՆԱՏՕ-ի ղեկավարները երեկ խոսում էին Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու կարևորության մասին և հանդես եկան Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում երկխոսության վերսկսման օգտին»,-ասել է նա «Կոմերսանտ» օրաթերթին:

«Եթե որևէ մեկը հավատում էր այդ հայտարարությունների անկեղծությանը, ապա այսօր չի հավատում: Նրանց իրական արժեքը պարզ է բոլորի համար: Աֆղանստանում ներկայության դրամատիկ ավարտից հետո, ինչպես կարող էին նրանք հաշտվել առանց «ռուսական սպառնալիքի» մասին խաբեության», ասել է Գրուշկոն:

Ռուսաստանցի օրենսդիր և Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, որ ՆԱՏՕ-ի քայլը կվնասի Մոսկվայի և Արևմուտքի միջեւ երկխոսությանը և ավելացրել, թե ակնկալում է, որ Կրեմլը կպատասխանի «ասիմետրիկ» միջոցներով: «Հավաքական Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի հետ դիվանագիտական առճակատման քաղաքականությունը», – ասել է նա:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն