Օրերս Վիեննայում ավստրիական ուղեղային կենտրոններից մեկի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված փակ քննարկում է կազմակերպվել, որին Ադրբեջանի կողմից մասնակցել են պատգամավորներ, ուղեղային փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, իսկ Հայաստանից միայն ՀՀԿ-ի երկու՝ Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը և ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանն է մասնակցել:

Քննարկմանը մասնակցել են ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցիչներ, դեսպաններ, Ավստրիայի ՊՆ, ԱԳՆ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Ըստ էության՝ հայկական կողմից ներկա չեն եղել փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները, ինչպես նաև ավելի ծանրակշիռ կուսակցություններ ներկայացուցիչներ, պատգամավորներ:

Այս խնդրի առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Այստեղ կարևոր է, թե ովքեր են կազմակերպիչները և ում են նախընտրել տանել: Տեսնելով այնտեղ հանրապետականներին, ենթադրում եմ, որ դրանք գերմանական հիմնադրամներ են, որոնք աշխատում են Հանրապետականի և «Լուսավոր Հայաստանի» հետ: Նրանք են այդ ձևաչափը ստեղծել և հրավիրել են իրենց գործընկերներին»:

Հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ միջազգային փակ հարթակներում, որտեղ կարծիքներ են ձևավորվում ԼՂ խնդրի վերաբերյալ, չկան փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները, նա պատասխանեց. «Իշխանությունը թող մտածի՝ ինչու իր հետ ոչ ոք չի աշխատում: Իսկ ո՞ր հիմնադրամն է իշխող ուժի հետ աշխատում, իսկ ՔՊ-ն ո՞ր ընտանիքի անդամ է: Երբ որ վարչապետը հայտարարում է, որ իրենց համար «իզմ»-եր չկան, որևէ ընտանիքի մեջ չես էլ լինի: Հանրապետականն աշխատում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ, «Լուսավոր Հայաստանը»՝ Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի հետ: Ամեն մի կուսակցական ընտանիք իր հիմնադրամն ունի: Եթե վարկածն այն է, որ գերմանական հիմնադրամներն են դա կազմակերպել, ապա այդ դեպքում ինչո՞ւ նրանք պետք է ՔՊ-ից հրավիրեն, եթե ՔՊ-ն այդ ընտանիքի անդամ չէ:

Իհարկե, կարևոր շրջանակներ այդ հանդիպումներին բացակայում են: Եթե դա վերաբերում է կոնֆլիկտների կարգավորմանը, ապա այնպես չէ, որ դա կուսակցական ընտանիքներով լուծվող հարց է: Դա ավելի շատ հանրային տրամադրությունների ամբողջ սպեկտրը ներկայացնող շրջանակների հարց է: Բայց դե հիմնադրամն իրենք են, իրենք են կազմակերպել, իրենք էլ հրավիրել են նրանց, ում հետ աշխատում են: Ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ով է կազմակերպիչը, և կազմակերպչի հետապնդած նպատակները որոնք են, այլ այն, թե ովքեր են մասնակցում և ինչ են խոսում»:

Ի դեպ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ անդրադարձել էր վերջերս Հանրապետականների՝ Եվրոպայում նման միջոցառումներին մասնակցելուն՝ նշելով. «Հանրապետական կուսակցությունը, որի կարկառուն ներկայացուցիչները առիթները բաց չէին թողնում «գրանտակերների» վրա «բոչկա գլորելու» համար, փաստորեն, նույնպես մեր շարքերում են՝ համաժողով է անցկացվում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի աջակցությամբ։

Հանրապետականները, իհարկե, միակը չեն, ովքեր սիրում են օտարերկրյա դրամաշնորհների միջոցով գործունեություն իրականացնողներին անարգանքի սյունին գամել, բայց բոլորովին դեմ չեն իրենք օգտվել միջազգային դոնորների միջոցներից։ Համաժողովում իր բացման խոսքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չմոռացավ շեշտել, որ 2018-ի քաղաքական իրադարձությունները միաժամանակ հայտարարելով խորհրդարանի պատերից դուրս պայքարը շարունակելու մասին։ Սպասենք, երբ են հիմա էլ ՔՊ-ականները մեղադրելու արտասահմանյան հիմնադրամներին երկրում իրավիճակը ապակայունացնելու մեջ»,-հավելել է Նավասարդյանը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն