Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ: Տնտեսվարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձված գումարը կազմել է 68.6 մլրդ դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ 618.4 մլրդ դրամը 34.8 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի համադրելի ցուցանիշից եւ 47.2 մլրդ դրամով ավելի է 2019-ի համադրելի ցուցանիշից:

«Ընդ որում, բացի այս դրական տարբերությունը, մենք 2020 եւ 2019 թվականների ընթացքում ունենք ավելի պակաս վերադարձված գումար, քան 2021-ին: Մասնավորապես՝ 2020-ի 5 ամիսներին վերադարձվել է 52.8 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 43.4 մլրդ դրամ»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկերի հավաքագրման գործընթացը բավական նորմալ է ընթանում: Ըստ նրա՝ հարկեր վճարելու մշակույթի հարցում առաջընթաց կա: 

Անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ է իր ձայնը տալու ընտրություններին, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այդ հարցը անտեղի է, քանի որ դրա պատասխանը միանշանակ է. «Իհարկե, մասնակցելու եմ ընտրություններին եւ, իհարկե, ձայնը տալու եմ գործող իշխանությանը»:

Հարցին՝ կնշի՞ 3 պատճառ՝ այս իշխանություններին ընտրելու համար, Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքն ունի իր որոշումը, դրանք ունեն իրենց հիմնավորումները. «Դա իմ իրավունքն է, իմ որոշումն է եւ ամենեւին չեմ պատրաստվում կիսվել ձեզ հետ»: 




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն