Հարցումները ցույց են տալիս, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն դուրս է մրցակցությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լայնորեն օգտագործեցինք հասարակական կարծիք ուսումնասիրող ընկերություններից մեկի՝ մեր աղբյուրներին տրամադրած արդյունքները, որոնք ոչ միշտ էին միանշանակ ընկալվում ու հաճախ ենթարկվում էին անհիմն քննադատության: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մեր հրապարակած արդյունքները շատ մոտ, եթե չասենք նույնական էին ստացված տվյալներին:
Թերեւս մենք միակն էինք, որ հրապարակեցինք ՔՊ-ի անվերապահ հաղթանակը Սյունիքի մարզում, այնինչ քննարկումների տեսանելի հատվածում գրեթե բոլոր քաղաքագետներն ու վերլուծաբանները դա բացառում էին: Հոկտեմբերի 1-ից մենք խնդրել էինք նույն ընկերության մեր աղբյուրներին տեղեկություններ տրամադրել սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Մեզանից մի քանի օր ժամանակ խնդրեցին, որպեսզի ամփոփվեն սեպտեմբեր ամսվա ստացած նախնական թվերը: Երեկ վերջապես հայտնեցին, որ, ըստ էության, իշխող ուժի դիրքերն ավելի են ամրապնդվել, ու գրեթե բոլոր համայնքների ավագանիներում իշխող ուժը ստանալու է ձայների ճնշող մեծամասնությունը:
Մենք առանձնահատուկ խնդրեցինք կանգ առնել Գյումրիի, Կապանի, Գորիսի վրա. մեզ պատասխանեցին, որ Սյունիքի համայնքներում իշխող ուժի թեկնածուներին ձայն տալու պատրաստակամություն են հայտնել ավելի մեծ թվով մարդիկ, քան դա կար խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, իսկ Գյումրիում ՔՊ-ն իհարկե կհաղթի, սակայն դեռևս հստակ չէ՝ կկարողանա ավագանու իրենց խմբակցությունը միայնակ ընտրել քաղաքապետ, թե ոչ:
1in.am