Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ մեղադրել է Հունաստանին նվաճողական քաղաքականություն վարելու համար և ասել, որ «իրենց պատմության մեջ ցեղասպանություն չկա», հայտնում է Greek City Times թերթը։

Թուրք նախարարը ռազմական ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Իստամբուլ» նավաշինարան, որտեղ կառուցվում է «Անադոլու» բազմանպատակային նավը։ Այցելության ընթացքում Աքարն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին՝ Հունաստանին մեղադրելով վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու երկխոսությունը  և ջանքերը խաթարելու, ինչպես նաև միջազգային իրավունքը չհարգելու համար։

«Մեր հույն հարևաններն իրենց գործողություններով և խոսքերով հնարավորինս խաթարում են դրական ուղղվածությունը։ Մենք միջազգային իրավունք ենք ուզում։ Մենք կողմ ենք միջազգային իրավունքին և բարիդրացիական հարաբերություններին, սակայն երբեք թույլ չենք տա ոտնահարել մեր երկրի և ազգի իրավունքները», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Հունաստանին մեղադրելով նվաճողական քաղաքականության համար՝ Աքարն ասել է․ «Նրանք, որոնք Թուրքիան անվանում են «անզուսպ», առաջին հերթին իրենց քարտեզին թող նայեն՝ տեսնելու 1821 թվականից ի վեր տեղի ունեցած զարգացումները։ Այստեղ հստակ երևում է, թե ով է անզուսպը»։

Խոսքի վերջում Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է հայերի և հույների ցեղասպանության և նշել, որ «դա սուտ է, զառանցանք»։

«Թուրքիայի պատմությունը շատ պարզ է, հստակ և թափանցիկ: Մեր պատմության մեջ ցեղասպանություն չկա: Երեկ Հայաստանը, այսօր Հունաստանը հանդես են եկել որոշ պնդումներով: Սա զառանցանք է: Սա ճիշտ չէ, դա սուտ է, սխալ է: Դա քայլ է դրական ընթացքի, համագործակցության և խնդիրների խաղաղ կարգավորման հաշվին»,-ասել է Աքարը:



Նյութի սկզբնաղբյուրը՝ Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն