10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Անցյալում աշխարհն ահաբեկած շատ սարսափելի հիվանդություններ դեռևս հաղթահարված չեն։ Աշխարհի տարբեր երկրներում գրանցվում են բռնկումներ, ինչպես նաև դիֆտերիայի, տիֆի կամ ավելի սարսափելի հիվանդությունների համաճարակներ: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ
Լեպտոսպիրոզը սուր վարակիչ, զոոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի, երիկամների, սիրտ-անոթային և նյարդային համակարգերի ախտահարմամբ և արտահայտված մկանացավերով: 2012թ. Ֆիլիպիններում գրանցվել է Լեպտոսպիրոզի բռնկում։
Վարակի աղբյուր են հանդիսանում կրծողները, չղջիկները, նապաստականմանները, երկսմբականի կենդանիները, գորշ և սև առնետները, տնային մկները, շները, կատուները, մանր և խոշոր եղջերավոր անասունները, խոզերը, տնային թռչունները (հավեր, սագեր, բադեր և այլն):
Լեպտոսպիրոզները հիմնականում փոխանցվում են 3 ուղիներով՝ ջրային, սննդային և շփման:
ՍԻՖԻԼԻՍ
Աշխարհի ամենահին հիվանդություններից մեկը կրկին իմաց է տալիս իր մասին ։ ԱՄՆ Նևադա նահանգում՝ մասնավորապես Լաս Վեգասում, կրկին արձանագրվում են սիֆիլիսի բռնկումներ։ Արձանագրված դեպքերի մեծ մասը գրանցվում է արվամոլների շրջանում։
ԿԱՐՄՐՈՒԿ
2000-ականների սկզբին ԱՄՆ-ում հայտարերվեց, որ կարմրուկ հիվանդությունն ամբողջովին վերացել է։ Այնուամենայնիվ, այսօր կարմրուկը հանդիսանում է մանկահասակ երեխաների շրջանում մահվան հիմնական պատճառներից մեկը։ Աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում բռնկումներ։ Միայն պատվաստումն է, որ կարող է կանխարգելել և կանխել հիվանդության տարածումը։
ԴԻՖԹԵՐԻԱ
XVI և XVII դարերում դիֆթերիայի հետևանքով գրեթե ոչնչացվել էր Պիրենեյան թերակղզին։ ԱԿԴՓ պատվաստանյութի շնորհիվ այսօր կարծես մոռացել ենք դիֆթերիայի մասին։ Այնուամենայնիվ, վերջերս ահագնացող հակապատվաստումային շարժումը շատ հիվանդություններին տալիս է երկրորդ հնարավորություն։ Այսօր տարբեր երկրներում արձանագրվում են դիֆթերիայի դեպքեր։
ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖ
Սուր աղիքային ինֆեկցիա է, որը բնութագրվում է ինտոքսիկացիայով, բակտերեմիայով, լյարդի և փայծախի մեծացմամբ, բարակ աղիների ավշային ապարատի ախտահարմամբ։ Որովայնային տիֆը հատկապես վտանգավոր է խիտ բնակեցված զարգացող երկրներում։
ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏ
Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ պոլիոմելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն աշխարհում գրեթե վերացել է, մինչդեռ պոլիոմիելիտը շարունակում է շրջանառվել Հարավային Ասիայում և Նիգերիայում։ Ուկրաինային նույնպես սպառնում է պոլիոմիելիտի տարածումը, քանի որ երկրում պատվաստված է մանկահասակ բնակչության միայն կեսը։
ԲՈՒԲՈՆԱՅԻՆ ԺԱՆՏԱԽՏ
Ժանտախտը՝ հատուկ վտանգավոր կարանտինային, վարակիչ հիվանդություն է, որն արտահայտվում է ինտոքսիկացիայի երևույթներով, մաշկի, ավշային հանգույցների, թոքերի և այլ օրգանների ախտահարմամբ:
Վարակի հիմնական փոխանցողներ են վարակված կրծողների վրա ապրող էկտոմակաբույծները, հատկապես՝ լվերը: Շատ կարևոր նշանակություն ունի էնդեմիկ և էպիդեմիկ երկրներից ժանտախտի ներթափանցման կանխարգելումը:
ԲՈՐ (LEPRA)
Բորը քրոնիկական գրանուլոմատոզային վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Micobacterium leprae-ից և ախտահարում է մաշկը, լորձաթաղանթները, շնչուղիները և ծայրամասային նյարդային համակարգը:
Համարվում է մարդու ամենահին հիվանդություններից մեկը:
Հիվանդությունն ավելի մեծ տարածում ունի արևադարձային երկրներում, ինչը կապված է այդ վայրերի սանիտարահիգիենիկ պայմանների, կենցաղային սովորույթների և անբավարար սոցիալ-տնտեսական գործոնների հետ: Վարակի աղբյուր հանդիսանում է միայն մարդը, հարուցիչը մարդու օրգանիզմից դուրս ոչ մի կենդանու մոտ չի հայտնաբերվում: Մարդիկ բորով կարող են հիվանդանալ բոլոր տարիքներում, տղամարդիկ հիվանդանում են ավելի հաճախ, քան կանայք։
ԴԵՆԳԵ ՏԵՆԴ
ԴԵՆԳԵ տենդը փոխանցողով պայմանավորված արևադարձային հիվանդություն է: Դենգե հարուցող վիրուսները 4 շճատիպի են, հիվանդության աղբյուր են հանդիսանում հիվանդ մարդը, կապիկները և չղջիկները։
Դենգե տենդի փոխանցողը՝ Aedes aegypti ցեղի մոծակներն են։ Հիվանդությունը տարածված է արևադարձային և մերձարևադարձային տարածաշրջաններում։ Հանդիպում է Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում, Օվկիանիայում և Կարիբյան ավազանում։ Հիվանդությունն ի հայտ է գալիս մոծակի խայթոցից 3-14 օրվա ընթացքում։ Ռիսկային խմբերն են երեխաները և մեծահասակները։
ԽՈԼԵՐԱ
Խոլերան սուր, խոլերային վիբրիոններով հարուցվող, անթրոպոնոզ ինֆեկցիոն հիվանդություն է, հարուցչի ֆեկալ-օռալ փոխանցման մեխանիզմով, դեհիդրատացիայի և դեմիներալիզացիայի զարգացմամբ ջրային փսխման և լուծի հետևանքով: Խոլերայի բռնկումներ արձանագրվում են Եմենում։
Hraparak.am