Իրաքում կիրակի առավոտյան պաշտոնապես մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, երկրի վարչապետ Մուստաֆա ալ-Կադիմին արդեն քվեարկել է, գրում է Mehr գործակալությունը:

Վարչապետն ասել է, որ բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին և այդպիսով Իրաքի իրականության փոփոխմանը:

Ինչպես նշում է dw.com-ը, երկրի խորհրդարանում`Ներկայացուցիչների խորհրդում, պատգամավորության 329 մանդատի համար պայքարում է ավելի քան 3240 թեկնածու: Տեղերի քառորդ մասը վերապահված է կանանց:

Երկրում քվեարկելու իրավունք ունի մոտ 25 միլիոն մարդ: Սակայն, դիտորդների կարծիքով, իշխանությունների նկատմամբ անվստահության բարձր աստիճանի և խոր ճգնաժամի պատճառով ընտրություններին մասնակցությունը ցածր կլինի:

Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2022 թվականին: Դրանց վաղ անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2019 թվականի աշնանից երկրում տեղի են ունենում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաներ: Դրանք հանգեցրեցին նախարարների կաբինետի հրաժարականին, որը ձևավորվել էր 2018 թվականի մայիսին նախորդ ընտրությունների արդյունքներից հետո: Բողոքի շարժման առաջնորդները կոչ են արել բոյկոտել ընտրությունները, քանի որ կարծում են, որ առկա քաղաքական համակարգը չի կարողանա փոփոխություններ ապահովել, անկախ քվեարկության արդյունքներից: 

Ընտրությունների ֆավորիտը շիական կոալիցիան է՝ Իմամ Մուքթադա աս-Սադրի գլխավորությամբ, որը պահանջում է սոցիալական արդարություն, դպրոցների և հիվանդանոցների կառուցում, ինչպես նաև օտարերկրացիների չմիջամտություն Իրաքի ներքին գործերին:

Իրաքում ընտրություններն անցնում են անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում: Ընտրություններին սադրանքներ և ահաբեկչություններ թույլ չտալու համար ներգրավված է իրավապահ մարմինների առնվազն 250 հազար աշխատակից: Երկրում փակ են բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն