Մեծ շարժեր Հայաստանի տնտեսա-քաղաքական խորքում
Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական, ռազմաքաղաքական օրակարգի բազմաշերտ ծավալմանը զուգահեռ, ուշադրության արժանի զարգացումներ են ծավալվում Հայաստանի համար առանցքային ոլորտներից մեկի՝ հանքարդյունաբերության շուրջ: Ինչպես արդեն հայտնի է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոնբինատում տեղի է ունեցեկ սեփականատիրոջ փոփոխություն և ընկերության 60 տոկոսի բաժնետեր է դարձել «Արդյունաբերական ընկերություն» կազմակերպությունը, որը գրանցված է Մոսկվայում, որի սեփականատերն է Գեոպրոմայնինգ ընկերության սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոն: Ինչպես հայտնի է, «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում Սոթքի հանքավայրի սեփականատերն է, նաև Արարատի ոսկու մշակման կոմբինատի, նաև Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի: Եվ ահա, այժմ էլ Տրոցենկոն փաստորեն գնել է Զանգեզուրի կոմբինատի 60 տոկոս բաժնեմասը, որի հանրագումարում սակայն իրեն է մնացել կոմբինատի միայն 45 տոկոսը:
Բանն այն է, որ Տրոցենկոյի ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրել իր գնած 60 տոկոսի 25 տոկոսը, ինչը հանրագումարում կազմում է կոմբինատի բաժնեմասի 15 տոկոսը: Հենց այդ նվիրատվության մասին տեղեկությունից է, որ հայտնի դարձավ զանգեզուրի կոմբինատում բաժնեմասի 60 տոկոսի վաճառքի և դրա նոր սեփականատիրոջ մասին: Եվ ահա, հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Տրոցենկոյի հանդիպումը, որի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակվում են ուշադրության արժանի հանգամանքներ:
Նախ, վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով Տրոցենկոյին կոմբինատի 15 տոկոս բաժնեմասը Հայաստանի կառավարությանը նվիրալու համար, ասել է, թե՝ «Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերութան, այլ նաև մեր տնտեսության համար: Պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և զարգացմանը: Ծրագրերի հաջող իրականացումը շատ կարևոր է մեզ համար և հույս ունենք, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը»:
Ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, որոնք, դատելով Տրոցենկոյի պատասխան խոսքից, արժեն մոտ 4 միլիարդ դոլար: Մասնավորապես, ռուսաստանցի միլիարդատերը հայտարարել է, որ ուրախ են կառավարության հետ գործակցելու համար: « Դա թույլ կտա կայունացնել կոմբինատի շուրջ իրավիճակը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի», ասել է Տրոցենկոն: 4 միլիարդ դոլարը ահռելի փող է Հայաստանի տնտեսության համար: Միաժամանակ, բացակայում է կոնկրետ ժամկետ, թե ինչ ժամանակահատվածում է ծրագրվում ներդնել այդ փողը հանքարդյունաբերության ոլորտ, և կարևորը՝ ի՞նչ տեսքով: Տրոցենկոն ակնարկում է վերամշակող հզորությունների մասին, բայց հազիվ թե դրանք ենթադրեն 4 միլիարդ դոլարի ներդրում: Ինչ խոսք, դա կարևոր ուղղություն է, որպեսզի Հայաստանը չլինի լոկ խտանյութ արտահանող կցորդ, այլ վերամշակի արտադրանքը, ստանա հավելյալ արժեք և նոր միայն արտահանի, բարձրացնելով տնտեսական շահավետությունը: Բայց, է՞լ ինչ ուղղություններում է «Գեոպրոմայնինգի» սեփականատերը ներդնելու 4 միլիարդ դոլար: Արդյո՞ք դա ենթադրում է, որ ռուսական ընկերությունը Հայաստանում կդառնա նոր հանքերի սեփականատեր: Սա թե տնտեսական, թե քաղաքական իմաստով կարևորագույն հարց է:
Հայտնի է, որ Հայաստանում մինչև 2018 թվականը կառավարած համակարգի համար հանքարդյունավերությունը, Հայաստանի հանքային ռեսուրսը եղել է հիմնարար «սնուցող աղբյուր»: Այդ ռեսուրսը թե Զանգեզուրի կոմբինատի, թե այլ կոմբինատների պարագայում եղել է բաժանված, քվոտավորված, հստակորեն սեգմենտավորված: Գեոպրոմայնինգն էլ իհարկե փաստորեն ունեցել է իր բաժինը: Հիմա այն ավելանում է, ինչը անկասկած ենթադրելու է ոչ միայն տնտեսական ուժերի հարաբերակցություն, այլ նաև քաղաքական: Ի դեպ հարցերից մեկն էլ այն է, թե արդյո՞ք լինելու են նորանոր բաժնեմասերի նվիրաբերումներ կառավարությանը, ու գլխավորը՝ ինչի՞ դիմաց: Կառավարությունը նպաստո՞ւմ է, որպեսզի Գեոպրոմայնինգը բաժնեմասեր ձեռք բերի: Եվ իհարկե մեկ այլ առանցքային հարց,, հատկանշական հարց՝ թե հանքարդյունաբերության ոլորտում ակնհայտորեն սկսած մեծ վերադասավորության ֆոնին ինչ ճակատագիր է սպասվում ոլորտում արևւմտյան խոշորագույն ներդրման միակ օրինակին, Ամուլսարին, որը կանգնած է հեղափոխությունից հետո և անորոշ է հետագա ընթացքը: Արդյո՞ք դա էլ կախված է հանգամանքից, թե ով կլինի սեփականատերը: Առայժմ կանգնած հանքի սեփականատերը Լիդիան ընկերությունն է:
1in.am